Շարմազանովը ԱՄՆ դեսպանին կոչ է արել ձեռնպահ մնալ իրավական խնդիրները քաղաքականացնելուց
Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է ԱՄՆ-ի դեսպանի՝ Օսկանյանի վերաբերյալ հայտարարությանը։ “Ազատության” հետ զրույցում նա կոչ է արել դեսպանին ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց:
“Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքը առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է, որովհետեւ սա բացառապես իրավական խնդիր է, եւ ինչպես նախկինում, հիմա էլ մեր կարծիքը հետեւյալն է, որ սա իրավական խնդիր է եւ այս խնդիրը քաղաքականացնելը անթույլատրելի է”, – ասել է նա։
Շարմազանովը նաեւ հավելել է. “Տեղեկացնեմ հարգարժան դեսպանին, որ կան տարբեր քրեական գործեր, տարբեր կոռուպցիոն գործեր՝ էլի իրավական հարթության մեջ, եւ որտեղ մեղադրյալներ անցնում են նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց որեւէ մեկը չի ասում, որ դա ՀՀԿ-ի դեմ է կամ իրավական մարմինը լուրջ խնդիրներ ունի ՀՀԿ-ի հետ: Քաղաքական իշխանությունների խնդիրը վատ երեւույթների դեմ պայքարելն է”։
Հիշեցնենք, ԱՄՆ դեսպանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին “կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում”: