ՀՀԿ-ն բացասական, ԲՀԿ-ն` դրական

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ հայկական հեռուստաընկերություններից որևէ մեկը որևէ քաղաքական ուժի հանդեպ ընդգծված խտրականություն չի ցուցաբերել: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում տեղեկացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավարսարդյանը :
Երևանի մամուլի ակումբը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում է անցկացրել: Ուսումնասիրվել է 2013 թվականի ապրիլի 7-ից 24-ն ընկած ժամանակահատվածը:
Ուսումնասիրվել են հեռարձակվող յոթ ԶԼՄ-ներ: Պարոն Նավասարդյանի խոսքով` այս անգամ “Արմենիա թիվի” և “Շանթ” հեռուստաընկերությունները չեն ներառվել ուսումնասիրվող հեռուստաընկերությունների շարքում, քանի որ նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ այս հեռուստաընկերություններն ամենաքիչն են անդրադառնում ընտրություններին:
Խոսելով լուսաբանման բացասական կողմերից` բանախոսը նշեց, որ որոշ հեռուստաընկերություններ օգտագործում են ընտրական շտաբների նկարահանած նյութերը. “Տեքստերը լրագրողական կարող են տարբեր լինել, բայց տեսաշարն ու հարցազրույց տվող մարդիկ նույնն են: Իհարկե, նման տարբերակում օպերատորի աշխատանքը հեշտանում է, սակայն շտաբների նկարահանած նյութերում որոշակի ագիտացիայից հնարավոր չէ խուսափել”,- ասաց նա:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքական ուժերը խուսափում են հեռուստատեսային բանավեճերից: Բանավեճներ չեն լինում, հատկապես ընտրական ցուցակները գլխավորողների մակարդակով:
Ըստ Նավասարդյանի` կուսակցությունների կողմից էլ հեռուստաընկերությունների հանդեպ որոշակի խտրականություն կա, հատկապես “հյուր ստուդիայում” ձևաչափում: “Օրինակ, “Հանրապետական” կուսակցությունից “Կենտրոն” հեռուստաընկերություն ոչ մի անգամ չեն գնացել: Չեմ կարծում, թե այս հեռուստաընկերությունից հրավիրած չլինեին”:
“Հանրային հեռուստաընկերությունն” ու “Հանրային ռադիոն” ամենաքիչն են անդրադարձել ավագանու առաջիկա ընտրություններին: “Ի տարբերություն 2012 թվականից առաջ տեղի ունեցող ընտրություններին, այս անգամ “Հանրային հեռուստաընկերությունն” ու “Հանրային ռադիոն” շատ չեզոք ու օբյեկտիվ են լուսաբանում ընտրությունները”,- նշեց Բ. Նավասարդյանը:
Այս ընտրությունների լուսաբանման աննախադեպ երևույթը, ըստ բանախոսի, այն է, որ այս անգամ իշխող կուսակցությունն ունի լուսաբանման ակնհայտ բացասական բալանս` 20 դրական և 42 բացասական հղում: Մինչդեռ նախկինում միշտ դրական հղումներ են եղել իշխող կուսակցությանը: Սա փորձագետը պայմանավորում է անկաշկանդվածությա
Այս անգամ ակնհայտ դրական լուսաբանում ունի “Բամբ:րգավաճ Հայաստան” կուսակցությունը, ինչը ապահովել են “Կենտրոն” և “Հայկական երկրորդ” հեռուստաալիքները: Ընդհանուր առմամբ քաղաքական բոլոր ուժերին ուսումնասիրված ԶԼՄ-ները համաչափ են անդրադարձել, բացառությամբ “Կենտրոն” հեռուստաընկերության, որի եթերում “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը երկու անգամ ավելի է լուսաբանվել, քան մնացածը:
Ավագանու ընտրություններով ամենահետաքրքրված հեռուստաընկերություններն են` “Կենտրոնը”, “Երկիր Մեդիան” և “Արմնյուզը”: