Սարի թաղում լրագրողի տեսախցիկը ջարդելու համար եւս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով` եւս մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել եւս մեկ անձի՝ Ա. Կ.-ի, նկատմամբ:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում Ա. Կ.-ն խոչընդոտել է իրեն տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը:
Այսպիսով՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 7 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ առերեւույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ նույն քրեական գործով 6 անձանց մեղադրանքներ են առաջադրվել՝ առերեւույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, որոնցից 4-ի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: