Պետք է վերջ տալ. Հովիկ Աբրահամյանը՝ կառավարությանը
”Ամիսը մեկ, երկու ամիսը մեկ փոփոխություններ եք բերում, դրան պետք է վերջ տալ, քանզի տնտեսվարողները դժգոհում են: Պետք է բոլոր փոփոխություններն անել և նոր ներկայացնել հարկային օրենսգիրքը՛՛,-այսօր Ազգային ժողովում դիմելով Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին` ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
՛՛Հարկային միասնական օրենսգիրք պետք է վերջապես տպագրել, եթե միջոցներ չկան, տեսնենք՝ որտեղից հայթայթենք միջոցներ՛՛,-հավելեց ԱԺ նախագահը:
Վաչե Գաբրիելյանը զեկուցում էր ՛՛Եկամտային հարկի՛՛ մասին օրենքի լրացումների անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ հունվարի 1-ից օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել խնդիրներ, մասնավորապես՝ զինծառայողների եկամուտները հարկելու հետ կապված, ինչը ստիպել է օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալ:
Այս օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի որոշման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողների շրջանակը, եկամտային հարկի դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը: 2010թ. դեկտեմբերին ընդունված ՛՛Եկամտային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքն արդեն չորս անգամ փոփոխության է ենթարկվել. վերջին փոփոխությունը` 2012թ. դեկտեմբերի 19-ին: