Մակարդակ. Առավոտ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի եւ նոր վարչապետի թեկնածուի՝ «ՀայՌուսգազարդ»-ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյսսնի մասին լուրերը հանրապետականները ոչ հերքում են, ոչ հաստատում։ Լրատվամիջոցները կանխատեսում են՝ ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստին կորոշվի Աբրահամյանի հրաժարականի եւ Կարապետյանի նշանակման հարցը։ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ է եղել շատ կարճ ժամանակահատված՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 28-ը։
Նշենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից հետո Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար ցանկալի վարչապետ Է։ Թե ինչ կարծիք ունեն ԲՀԿ-ականները Աբրահամյանի փոփոխությանը Կարապետյանով՝ փորձեցինք ճշտել ԲՀԿ-ականներից։ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց գնահատական տալ՝ նշելով, թե լուրերը չի մեկնաբանում։
Իսկ ԲՀԿ-ական, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հիացական խոսքեր ասաց Կարեն Կարապետյանի մասին։ Բոստանջյանը Կարապետյանների ընտանիքին, ինչպես ինքն ասաց, ճանաչում է գրեթե 40 տարի. «Նրա մոր հետ դասախոսություն եմ կարդացել ժողինստիտուտում, հորն էլ եմ ճանաչում։ Կարեն Կարապետյանին ճանաչում եմ Սովետի ժամանակներից ՝ հաշվողական կենտրոնում աշխատած ժամանակներից մինչեւ շուկայական հարաբերությունների անցումը։ Բարձր մակարդակի անձնավորություն է` գիտելիքներով, կառավարման սկզբունքներով։ Կարապետյանների ընտանիքի մակարդակը շատ բարձր է»։
Այն հարցին՝ արդյոք հրաշալի գիտելիքները բավարա՞ր են, որպեսզի Հայաստանում, հատկապես տնտեսությունում ռադիկալ փոփոխություններ կատարվեն, Բոստանջյանն այսպես պատասխանեց. Հենց այսպիսի մարդիկ պետք է ամբողջ ռեֆորմներ անեն»։
Հովիկ Աբրահամյանը չի՞ կարողանում անել՝ մեր այս հարցին կ Բոստանջյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, ոչ թե չկարողացավ, այլ, երեւի, չունեցավ… Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգն այնպիսին է դարձել, որ որոշում ընդունողները ճակատային ձեւով պետք է որոշում կայացնեն։ Այստեղ բացառված չէ նաեւ Կարապետյանի գործոնը։ Մի մոռացեք, որ նա, որպես քաղաքապետ, շուտափութորեն , հեռացավ, ուրեմն պետք է մտածել` իսկ ինչո՞ւ»։
Կարեն Կարապետյանը կկարողանա՞ պայքարել, ընդդիմադիրների ասած՝ քրեաօլիգարխիկ համակարգի, մենաշնորհների դեմ, արդյոք բարձր մակարդակ ունենալը բավարա՞ր է երկրում այս երեւույթները վերացնելու համար՝ մեր այս հարցին Էլ Բոստանջյանն ասաց.
«Մենաշնորհների ու ոչ ցանկալի զարգացումների, այդ համակարգի դեմ մենակ չեն պայքարում, պետք է համակարգային, թիմային փոփոխություն։ Այդ թիմի մեջ ընդգրկվեն նաեւ մարդիկ, որոնք ինչ-որ ձեւով այդ նույն քրեաօլիգարխիկ համակարգում են»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: