«Այստեղ թշնամի ման մի’ արի, այստեղ ժողովուրդ կա». Էջմիածնի քաղաքապետը բացեց փակագծերը/վիդեո/
«Մեր խոսքը մեր գործից չի տարբերվում»,-սա Էջմիածնի` արդեն 8 տարի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կարգախոսն է:
Սեպտեմբերի 18-ին սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց արդեն քաղաքապետի թեկնածու Կարեն Մանվելի Գրիգորյանի հետ:
«Մարդկության մեջ հետաքրքիր բան կա: Այն է, որ միշտ փնտրում են՝ Սահմանադրություն կամ այլ կատարյալ օրենքներ, բայց երբ վերցնում ենք Սուրբ գիրքը՝ այնտեղ են բոլոր կատարյալ օրենքները: 2008 թվականին, երբ արդեն պետք է աշխատեի որպես քաղաքապետ. Պողոս առաքյալի թուղթն էր, եթե չեմ սխալվում, թե խոսքը ամրապնդվում է գործով: Ես փորձել եմ իմ բառերով այն արտահայտել, բայց իմաստը չի փոխվում»,-նշեց Կարեն Գրիգորյանը:
Քաղաքապետը արդեն 8 տարի առաջնորդվում է Աստվածաշնչյան խորհուրդներով և պատվիրաններով:
Կարեն Գրիգորյանի կենսագրականում նշված է, որ նա 1992-1994թթ՝ վաղ պատանեկության տարիներին, լեգենդար 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: Ապրիլյան քառօրա պատերազմի օրերին նա հոր՝ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ կրկին առաջնագծում էր:
«Արևը, որ դուրս է գալիս, ով ինչ ուզում է ասել՝ դա զգում ես: Այն մաքրությունը և այն ջերմությունը, որ կար սահմանին ամեն բան է տալիս: Սահմանին չկար մի խնդիր, որ ամենաթանկ բանը կյանքն է: Բայց բոլորը զոհասեղանին էին դնում իրենց կյանքը: Պատրաստ էին կյանքը տալ՝ ընկերոջ համար, այն անծանոթ հայի համար, որը պահում է թիկունքը: Ես այդ մարդկության մեջ մեծանալով հասկացա, որ կյանքում կարևորը մարդկությունն ու բարությունն է»,-ընդգծեց Գրիգորյանը:
Անդրադառնալով Էջմիածնում տիրող «թեժ» մրցակցությանը և այն հանգամանքին, որ մյուս թեկնածուները շարունակ թերագանահատում և ցեխ են շպրտում գործող քաղաքապետի վրա՝ Կարեն Գրիգորյանը ասաց.« Ով ինչ դատարանով դատի՝ այն դատարանով կդատվի: Ես իրենց կցանկանամ այնքան լավ ու բարին, որ մոռանան չար բաների մասին: Թող իրենց գործերը այնքան լավ լինեն, որ վայելքների մեջ ժամանակ չունենան մարդկանց փնովելու»,-եզրափակեց Կարեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: