Հոկտեմբերի 21-ին կորոշվի “Ժառանգություն” – “Ազատ դեմոկրատներ” հարաբերությունների ճակատագիրը
Երեկ երեկոյան ՌԱՀՀԿ տարածքում տեղի է ունեցել “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի “տետ ա տետ” հանդիպումը:
Հանդիպման ընթացքում դաշնակից կուսակցությունների լիդերները քննարկել են “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի միջեւ առաջացած կնճիռը:
Հիշեցնենք, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին իր հայտարարությունից կարճ ժամանակ անց Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իր եւ Խաչատուր Քոքոբելյանի միջեւ պայմանավորվածություն է եղել, որպեսզի վերջինս նույնպես մանդատից հրաժարվի:
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը հաջորդել էր “Ազատ դեմոկրատներ”-ի հերքումը եւ Խաչատուր Քոքոբելյանի մեկնումը Հայաստանից` բուժման նպատակով: Վերջինիս վերադարձից հետո, փաստորեն, կուսակցության առաջնորդները որոշել են հստակեցնել հարաբերությունները:
Քոքոբելյան-Հովհաննիսյան հանդիպման արդյունքներն առայժմ չեն հրապարակվում: “Ժառանգության” մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Henaran.am-ին երեկ կայացած հանդիպման մասին միայն հետեւյալը փոխանցեց.“Արդյունքների մասին կլինի քննարկում “Ժառանգություն” կուսակցության վարչության եւ խմբակցության համատեղ ընդլայնված նիստի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին”:
Նա դժվարացավ պատասխանել, մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հոկտեմբերի 21-ին կայանալիք նիստերի ընթացքում կքննարկվի “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” միջեւ դաշնակցային հարաբերությունները խզելու հարցը: Հովսեփ Խուրշուդյանն, ըստ էության, ոչ հերքեց, ոչ հաստատեց նման զարգացման հնարավորությունը. “Ես ասացի այն, ինչ կարող էի ասել”,- ի պատասխան նշեց նա:
Հավելենք, որ ավելի վաղ Խաչատուր Քոքոբելյանը անդրադառնալով իր` մանդատից հրաժարվելու մասին հարցին, Henaran.am-ին ասել էր. “Ինձնից հրաժարական կարող են պահանջել միայն իմ ընտրողները եւ իմ կուսակցությունը”: Հիշեցնենք նաեւ, որ “Ժառանգությունն” ու “Ազատ դեմոկրատներ”-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին միասնական ցուցակով, ինչը լուրջ դժգոհություններ առաջացրեց “Ժառանգության” ներսում: