Ի՞նչ վիճակում է 33 օր հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը /վիդեո/
«Բժիշկների վերջին զննման տվյալներով ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը առայժմ նորմայի մեջ է»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«ՄԻՊ աշխատակազմը մշտական կապ է պահպանում այն բանտի հետ, որտեղ գտնվում է կալանավորված Ղուկասյանը: Օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 1-ին նրան այցելել են ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները: Անցած հանգստյան օրերին նրան զննել են քրեակատարողական հաստատության բժիշկները, իսկ դրանից հետո՝ այն բժիշկը, որին հրավիրել էին նրա խնդրանքով»,-ընդգծեց Արման Թաթոյանը:
«Մենք օգնել ենք, որպեսզի սոնոգրաֆիստն ու լաբորանտը կարողանան արյան անալիզ վերցնել»:
Օգոստոսի 29-ին վերցված անալիզների արդյունքները նորմայի սահմաններում են, բայց հացադուլը պահանջում է բժիշկների մշտական հսկողություն: Մենք նույնպես հետեւում ենք նրա վիճակին»,- հավելել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Հիշեցնենք, Ղուկասյանը կալանավորվել է Սարի Թաղում ու Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ մեղադրանքով ու տեղավորվել Նուբարաշենի բանտում: Նա արդեն 33 օր հացադուլի մեջ է: