Անկեղծորեն երջանիկ եմ. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկականև հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերն ու նվերները:
Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին իր նստավայրում, շնորհավորել ուսումնառության մեջ ձեռքբերումների համար, մաղթել հետագա նորանոր հաջողություններ:
«Սիրելի՛ դպրոցականներ,
Հարգելի՛ մանկավարժներ,
Արդեն տևական ժամանակ է, որ ամեն տարի այս դահլիճ են հրավիրվում դպրոցական հերոսները, նրանք, ովքեր ուրիշներից տարբերվում են իրենց գիտելիքներով, սովորում են գերազանց, դպրոցն ավարտում ոսկե մեդալով և մասնակցում են համաշխարհային առարկայական օլիմպիադաներին, դառնում մրցանակակիրներ ու «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ:
Սա շատերի համար առաջին ձեռքբերումն է, բայց վստահ եղեք, որ ձեր շնորհիվ և ձեր ակտիվ մասնակցությամբ ու նաև ակտիվ մասնակցությամբ այն բոլոր երիտասարդների, որ այս տարիների ընթացքում հրավիրվել են այս դահլիճ՝ խրախուսանքի և մեծարման խոսքեր լսելու, կառուցվելու է ապագա Հայաստանի դիմագիծը: Ես վստահ եմ, որ դուք դա անելու եք՝ օգտագործելով ավագ սերնդի փորձը և մեր նախնիների գիտելիքի և կրթության նկատմամբ հավերժական ձգտումը:
Դուք նաև շատ ավելի լայն հնարավորություններ եք ունենալու բացելու դռները աշխարհի առաջ նորարարական գաղափարներ ներս բերելու համար, որպեսզի այդ գաղափարները կլանեք, մարսեք և վերարտադրեք ու կատարելագործեք: Այս տարի Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներից վերադարձել են 15 մրցանակներով՝ 1 ոսկե, 3 արծաթե և 11 բրոնզե մեդալներով: Սա, իհարկե, փայլուն նվաճում է, և ես անկեղծորեն երջանիկ եմ, որ վերջին ութ-տասը տարիների ընթացքում մեր դպրոցականներն այդ օլիմպիադաներից վերադառնում են 15-ից 20 մեդալներով:
Միայն մեր Ֆիզմաթ դպրոցն ավելի շատ մրցանակներ է շահում, քան հարևան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած: Սա չափազանց կարևոր և մեծ ցուցանիշ է, որ պատիվ է բերում ցանկացած ժողովրդի: Իհարկե, նաև անչափ ուրախ եմ, որ ընդլայնվում է մեդալակիրների աշխարհագրությունը: Շատ լավ է, որ Երևանին և Գյումրիին միացավ Վանաձորը: Վստահ եմ, որ տարիներ հետո մենք կարողանալու ենք ասել, որ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ունենք համաշխարհային առարկայական օլիմպիադաների հաղթողներ:
Ես բոլորիդ շնորհավորում եմ, բոլորիդ համբուրում եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, նրանց, ովքեր կարողացել են ձեզ հետ միասին հասնել այդ արդյունքներին: Աշակերտը պետք է ձգտում ունենա, աշակերտը պետք է ցանկություն ունենա, ուսուցիչը պետք է ունենա գիտելիք հաղորդելու կարողություն և ունակություն: Երբ այս երկու հանգամանքները համընկնում են, մենք հասնում ենք շատ բարձր արդյունքների: Ապրե՛ք»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: