07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ Թբիլիսիում

Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի “Մեր Զոհերը” հուշարձանի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի եւ ծաղկեպսակի զետեղման արարողություն:

Միջացառումը համախմբել էր Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան, հրեական եկեղեցիների առաջնորդներին, Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներին, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները:

Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեցին “Էլզաս-Հայաստան բարեկամություն” բարեգործական ընկերության նախագահ Պիեր Զուլումյանը, Ստրասբուրգի քաղաքապետի ներկայացուցիչ Անրի Դրեյֆուզը եւ Ֆրանսիայում հրեական կառույցների ներկայացուցչական խորհրդի ներկայացուցիչ Պիեր Լեւին:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձավ Հայոց պատմության այս դառը էջին, որն անխոս անդառնալի հետք է թողել յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա` միաժամանակ կոչ անելով առավել համախմբածության չարիքներին դիմակայելու համար:

Հանրապետության հրապարակից երթն այնուհետեւ շարժվեց դեպի Ստրասբուրգի սբ. Մադլեն եկեղեցի, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեւոր պատարագ:

 

Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի “Ապրիլ 24” կոմիտեն: Արարողությունը սկսվեց Ասենի “Դե Բոսկամպ” գերեզմանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ ծաղկեպսակների զետեղմամբ:

Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումն իր խոսքով բացեց Ամստերդամի հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադեւոսյանը:  Մասնակիցներին իր ուղերձը հղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր խոսքում շեշտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ պայքարի անհրաժեշտությունը եւ դրան հասնելու համար միասնական ջանքերի կարեւորությունը: Նա ներկաներին հորդորեց վառ պահել թուրքական յաթաղանից փախչող մոր կերպարը, ով իր մի ձեռքում բռնել էր իր զավակին, իսկ մյուսում` գրկել էր գիրքը, քանզի նա դրանով իր հետ տանում էր իր ժողովդրի ապագան` ի դեմս իր զավակի, ու նրա անցյալը, պատմությունն ու հիշողությունը, առանց որի որեւէ ժողովուրդ չի կարող պահպանել իր ինքնությունը:

Միջոցառումանը ելույթներով հանդես եկան նաեւ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի` “Ապրիլ 24” կոմիտեի նախագահ Նուբար Սիփանը, քուրդ լրագրող եւ “Հայ համազգային շարժումն ու 1915թ.-ի ցեղասպանությունը” գրքի հեղինակ, դոկտոր Ռեչեփ Մարաշլին:Նույն օրը 24-ին Նիդերլանդների մեկ այլ՝ Ալմելո քաղաքում, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի ունեցավ հուշ-երեկո, որը կազմակերպել էին Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու վարչությունը եւ ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը` Նիդերլանդների Հայ բարեգործական ընդհանուր միության եւ Նիդերլանդների Հայ մարմնակրթական ընդհանուր միության հետ համագործակցությամբ:

Հուշ-երեկոն սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագով, որին մասնակցեցին էին նաեւ Ամելոյի քաղաքապետարանի եւ Ասորական եկեղեցու հոգեւոր ներկայացուցիչները: Պատարագին հաջորդեց Եղեռնի հուշարձան-խաչքարի մոտ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:Հուշ-երեկոյին Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներով հանդես եկան Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիչին, Քրիստոնեական միություն կուսակցությունից Նիդերլանդների խորհրդարանի անդամ Հերտ Յան Սեյխերսը, Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի անդամ Մինաս Արսենյանը:

Հուշ-երեկոյի ներկաներին իր խոսքով դիմեց նաեւ Նիդերլանդներում ՀՀ դեսպանը` նշելով. “Այն ժամանակ, երբ աշխարհն առաջ է գնում դեպի ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների պաշտպպանություն, ուժային քաղաքականությունն է մեջտեղ գալիս, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ձգտում է համագործակցային մեխանիզմների վրա հիմնված աշխարհ կառուցել, ռազմավարական նկատառումներն են սկսում գերակշռել, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Այն ճշմարիտ փորձաքար է դարձել աշխարհի ու մարդկության համար` որեւէ տեղ ու որեւէ ժամանակ այս ամենասարսափելի հանցագործության կրկնումը թույլ չտալու համար: Ամեն անգամ, երբ աշխարհը տեղի է տալիս թուրքական պահանջներին, փոխանակելով դրանք քաղաքական կամ տնտեսական օգուտների հետ, դրանով երկարաձգում է հանցագործությունը,  եւ թողտվությամբ վերաբերվում ու կործանիչ հարված հասցնում միջազգային մարդասիրական ու մարդկային արժեքներին”:

 

Ապրիլի 24-ի առավոտյան վիրահայ համայնքի բազմամարդ թափորը Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվեց դեպի Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին իրենց խոնարհումն էին բերել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Գեդեվան Փոփխաձեն, տեղակալ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում քույր եկեղեցիների՝ Կովկասում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ջուզեպպե Պազոտոն, բապտիստական եկեղեցու ներկայացուցիչ Իլիա եպիսկոպոս Օսեփաշվիլին, Լյութերական եկեղեցու հոգեւոր հովիվ Վիկտոր Միրոշնիչենկոն:

 

Խաչքարին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին ու կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:Նույն օրը Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակազմը, քույր եկեղեցիների հոգեւոր հայրեր, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Պատարագիչն էր Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ Տեր Հուսիկ քհն. Հարությունյանը:Անդրադարձ կատարելով օրվա խորհրդին, Սրբազան Հայրը արժեւորեց հայ դատի արդարացիությունը, հիշատակի միջոցառումները անվանելով մխիթարություն եւ միասնականության պահանջ հանուն հաղթանակի:Արարողության ընթացքում Վիրահայոց Թեմի առաջնորդը հրապարակեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունը, որով կոչ է ուղղվում Թուրքիայի պետությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների եւ մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց, ինչպես նաեւ անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները եւ հոգեւոր-մշակութային արժեքները

Այնուհետեւ “Վրաստանի հայ համայնք” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի “Հայարտուն” կենտրոնի եւ Վրաստանում գործող մյուս հայկական ոչկառավարական կազմակերպությունների մասնակցությամբ Վրաստանի եւ Հայաստանի պետական դրոշներով շարասյունը ուղեւորվեց Թբիլիսիում Թուրքիայի դեսպանության մոտ, որտեղ տեղի ունեցավ բազմամարդ բողոքի հանրահավաք: Հայերի հետ միասին հանրահավաքին ներկա էին թբիլիսաբնակ քրդական, ասորական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վրացի համախոհներ: Հանրահավաքին ելույթ ունեցող բոլոր բանախոսները դատապարտեցին Հայոց մեծ Եղեռնը, պահանջելով ցեղասպանության ճանաչում եւ հատուցում այն զոհերի կյանքի համար, որոնց հանցանքը միայն եւ միայն հայ լինելն էր: “Ապրիլի 24-ը հայերի միասնության օրն է, հայ ազգի արդարության համար պայքարի, հատուցման պահանջի օրը, որն անպայման պետք է ունենա իր արդարացի ավարտը, հայտարարեց “Վրաստանի հայ համայնք” հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը:

Հայոց մեծ Եղեռնի դատապարտման եւ այն ճանաչելու Վրաստանի իշխանություններին ուղղված կոչ էր “Հերակլ Երկրորդ” ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Արչիլ Ճկոիձեի ելույթը, իսկ Գիորգի Ալթունաշվիլու ելույթը դարձավ իր խոնարհումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ:Հանրահավաքի ընթացքում հատուցման պահանջով ելույթ ունեցան ջավախահայ ուսանողներ, մտավորականններ, գրողներ, հայ երիտասարդական կազմակերպությունների եւ հասարակայնության ներկայացուցիչներ: Հնչեցին հայրենասիրական եւ ազգագրական երգեր: Թբիլիսիում Թուրքիայի դեսպանության առջեւ կազմակերպված բողոքի գործողությունը լուսաբանվեց վրացական զանգվածային լրատվական տարբեր միջոցներով:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ