Օսկանյանի միջոցով ԱՄՆ-ը չեզոքացվում է Ռուսաստանի գործիքը՝ ԲՀԿ-ն. Աշոտ Մանուչարյան
“ Ես չեմ գտնում, որ ԱՄՆ-ն ի զորու չէ լուծել որևէ մեկի այս կամ այն հարցը, այսինքն, եթե ինչ-որ մեկին հետապնդում են, նշանակում է դա արվում է ԱՄՆ-ի հետևողականությամբ”,- այս մասին այսօր ասել է “Ղարաբաղ” կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործին:
Աշոտ Մանուչարյանը Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը դիտարկում է ԱՄՆ-Ռուսաստան շահերի բախման ֆոնին: Մանուչարյանի խոսքով, ԱՄՆ-ը փորձում է փոքր հարվածներով չեզոքացնել Ռուսաստանին, որի համար ԲՀԿ-ը գործիք է: “Չեզոքացվում է Ռուսաստանի սիրելի զենքը՝ ԲՀԿ-ն: Վարդան Օսկանյանով վախեցնում են ռուսական համակարգը, որից հետո պարզ կդառնա՝ ինչ գործառույթով հանդես կգա Վարդան Օսկանյանը”,-ասել է Աշոտ Մանուչարյանը:
”Պատկերացրեք, կուսակցության երկրորդ դեմքը, որը, կարծես, պաշտպանված է ԱՄՆ նավատորմով, գոնե այնտեղ ծառայող մորմոնների կողմից, մյուս կողմից՝ քրեական գործ է հարուցում Հայաստանի ադմինիստրացիան: Մարդը հայտնվում է հետապնդման մեջ, նույն պահին չքվում է առաջին դեմքը”,-հավելել է նա:
Աշոտ Մանուչարյանի խոսքով, ԲՀԿ-ում 3-րդ դեմքից սկսած, հաջորդները, որոնք պարզապես պրագմատիկներ են, տեսնելով այս գործընթացը` սկսում են մտածել, որ իրենք էլ պաշտպանված չեն: Ստեղծված պայմաններում, ըստ նրա, եթե “ադմինիստրացիայի քեռին” ասի՝ խելոք մնացեք, բոլորը պետք է խելոք մնան:
Նրա դիտարկմամբ, Հայաստանի համար մղվող պայքարը պայմանավորված էայն հանգամանքով, որ Հայաստանը եվրասիական ուղու վրա կարեւորագույն տեղ է զբաղեցնում: “Մեզ վրա լծակներ ունենալու համար պայքար է գնում, իսկ այդ լծակը կոչվում է ՀՀ նախագահի աթոռ”,-համոզմունք է հայտնել բանախոսը: Հարցին, իր կարծիքով, կառաջադրվի արդյոք Վարդան Օսկանյանը սպասվող նախագահական ընտրություններում , Աշոտ Մանուչարյանը ի պատասխան խորհուրդ է տվել դիմել ԱՄՆ-ի դեսպանին: