Արմավիր-Գյումրի ճանապարհին մահացու ելքով վթարից տուժած ռուս զինծառայողը հիվանդանոցում մահացել է
Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում օգոստոսի 25-ին մահացու ելքով վթարի հետեւանքով տուժած` ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան, 48-ամյա Ալեքսանդր Սվիտկոյը նույնպես մահացել է:
Ռուս զինծառայողը ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածքներ: Նա մահացել է այսօր՝ օգոստոսի 26-ին, 2 ժամ առաջ:
Հիշեցնենք, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի աջ կողնակ եւ կողաշրջվել ձորակի մեջ:
Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղեւոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող, 38-ամյա Արտակ Պետրոսյանը տեղում մահացել էր, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: