ՀՀ-ում մինչև 2018թ. օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվություն չի պահանջվի
Կառավարությունն այսօրվա նիստում կասեցրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» և «Լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչելու մասին» որոշումների գործողությունը:
Ըստ այդմ՝ կառավարության որոշմամբ կասեցվեց օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման պահանջի գործողությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ որոշումը կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը՝ մինչև աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող քվոտավորման համակարգի ներդրումը, ինչպես նաև աշխատանքի թույլտվության տրամադրման մեկ պատուհանի սկզբունքի կիրառման իրավական հիմքերի ապահովումը։
Նախարարի տվյալներով` Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողները 5179-ն են. նրանք հիմնականում ներգրավված են կրթության, գիտության, տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության, առևտրի, առողջապահության ոլորտներում, և առավելապես իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն։ Ընդ որում՝ նրանց գերակշռող մասը ազգությամբ հայեր են:
Արտեմ Ասատրյանը նաև նշեց, որ այդ ոլորտում իրականացված ուսումնասիրությունների համաձայն` առանց աշխատանքի թույլտվության պահանջի կիրառման ներքին շուկայում օտարերկրացիների ներգրավումը էական ազդեցություն չի ունեցել նույնիսկ միգրացիայի վրա: