Բուժաշխատողների ցուցմունքները պետք է անթույլատրելի ճանաչվեն. փաստաբան
«ՊՊԾ գնդի տարածքում մի քանի օր մնացած ու պատանդ համարվող բուժաշխատողների ցուցմունքները պետք է անթույլատրելի ճանաչվեն, քանի որ նրանք հարցաքննվել են գիշերը եւ քննչական մարմինը ոչնչով չի հիմավորել դրա անհրաժեշտությունը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը, որն ընդգրված է «Սասնա ծռերի» պաշտպանությունն իրականացնելու համար ստեղծված փաստաբանների խմբում:
«Ազատ կամքի արտահայտման պայմաններում գիշերը բուժաշխատողներին ցուցմունքներ են կորզել ու փորձ է արվել հիմնավորել, որ իրենց կամքին հակառակ գտնվել են պատանդի կարգավիճակում: Բուժաշխատողների օգտագործած ձեւակերպումները չափանզանց մեղմ են, համապատասխան չեն այն որակումներին, որ կարելի է տալ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքը որակելու համար: Մենք խիստ կասկածի տակ ենք դնում ցուցմունքների թույլատրելիությունը»,- ասաց Տիգրան Եգորյանը:
Փաստաբանի խոսքով՝ սխալ է ասել, թե բուժաշխատողները ՊՊԾ գնդում պատանդ են եղել, քանի որ նրանց ազատ արձակելու դիմաց գնդում գտնվողները պահանջել են մեկ այլ բուժանձնակազմ, ինչը նրանց իրավունքն էր:
«Պատանդ կլինեն այն դեպքում, երբ նրանց ազատ արձակելու դիմաց ինչ-որ պահանջ է դրվում պետության առջեւ: Բայց այն, որ նրանք պահանջում էին ապահովել իրենց կյանքի իրավունքը, սա օրինական պահանջ էր, պետությունը պարտավոր է մարդու կյանքի ու առողջության պահպանման համար: Պետությունը պարտավոր էր առանց պահանջ ներկայացնելու փոխարինել բուժանձնակազմին: Այս պահանջի առաջադրումը չի կարելի համարել պատանդներին ազատ արձակելու պահանջ»,- ընդգծեց Տիգրան Եգորյանը: