«Միայնակ գայլի» ընտանիքի համար 30 հազար դոլար է հանգանակվել. Դրամահավաք է սկսվել նաեւ Պավլիկ Մանուկյանի ընտանիքի համար
«Աջակցություն Պավլիկ եւ Արամ Մանուկյանների ընտանիքին» նախաձեռնությունն այսօր ՝ օգոստոսի 2-ին, Երեւանի Ազատության հրապարոկւմ դրամահավաք է սկսել՝ «Սասնա ծռերի» անդամներ Պավլիկ եւ Արամ Մանուկյանների ընտանիքին օգնելու համար:
Դրամահավաքը սկսվել է այսօր ժամը 12:00-ից սկսած, շարունակվելու է մինչեւ օգոստոսի 3-ը, ժամը 23:00-ն :
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար էլ Gofundme.com կայքում մեկնարկած դրամահավաքի ընթացքում մեկ օրում 16 հազար 260 դոլար է հավաքվել: Այն դեպքում, երբ ինչպես նշված է կայքում՝ նպատակը 5000 դոլար հավաքելն է եղել: Վերջին տվյալներով՝ գումարը արդեն կազմել է 30 հազար դոլար:
Նշենք, որ Արայիկ Խանդոյանը, Պավլիկ եւ Արամ Մանուկյանները հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից են: «Սասնա ծռերը» հուլիսի 31-ին վայր են դրել զենքերն ու հանձնվել են։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է: