Երեւանը հրաժեշտ տվեց գրքի մայրաքաղաքին, քաղաքապետը հպարտ է Երեւանով

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը: Հանդիսությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, հոգեւոր այրեր, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ գրասեր ու արվեստասեր երեւանցիներ:
Իր ելույթում համառոտ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված միջոցառումները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ընթացքում Երեւանը սիրով հյուրընկալել է գրասեր միջազգային հասարակությանը, կայացել են բազմաթիվ համաժողովներ, փառատոններ ու համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ ու ներկայացումներ: Երեւանում բացվել են նաեւ գրախանութներ, հարստացվել է գրադարանային ֆոնդը, տպագրվել են հարյուրավոր հայ ու արտասահմանցի հեղինակների բազմաթիվ գրքեր.
“Երեւանն անցած տասներկու ամիսներին պատիվ ունեցավ կրելու Գքի համաշխարհային մայրաքաղաքի բարձր ու պատվավոր տիտղոսը: Դա, կարծում եմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով հայոց հինավուրց մայրաքաղաքի գրքի ու գրականության նկատմամբ ունեցած դարավոր սիրո, համաշխարհային հանրության վստահության ու գնահատականի դրսեւորումն էր: Կարծում եմ, որ քաղաքամայր Երեւանն ունեցավ իր հատկանշական դերակատարումը այս գործում եւ սիրով այս պատվաբեր տիտղոսը ապրիլի 23-ին հայկական պատվիակության կողմից կփոխանցվի Բանգկոկին` բովանդակային առումով հագեցած, կարեւորված ու հարստացած”,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ եւս վերահաստատել միջազգային հումանիտար ծրագրերին մասնակցելու Երեւանի քաղաքապետարանի պատրաստակամությունը. “Երեւանն այսուհետ եւս պատրաստ է իր ամենագործուն մասնակցությունը բերել ՄԱԿ-ի ու մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին”,- նշել է Տարոն Մարգարյանը:
Հայ գրատպության 500 ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կարծիքով Երեւանում իրականացված ծրագրերը օրինակելի են լինելու գրքի ապագա մայրաքաղաքների համար, նաեւ կարեւորել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում այսօր մարդիկ ավելի շատ են կարդում:
“Փայլուն աշխատանք է կատարվել այս տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանի կողմից: Այն բարձր տարավ 2012 թվականին Հայաստանի 12-րդ պատմական մայրաքաղաքը գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք լինելու պատիվն ու բեռը: Մեզ համար սա լեցուն ու բազմազբաղ տարի էր: Ինչպես եւ նախկինում՝ մեծածավալ ծրագրերում մենք որդեգրեցինք խոշոր կտավի մոտեցումը եւ եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ժառանգությունը, մեր ազգային արժեքները չեն սահմանափակվում մի քանի տասնյակ հազարավոր կիլոմետրերով: Վստահ եմ, որ մեզանում գրքի մեծարումը չի ավարատվելու փակման այս արարողությամբ: Մենք ականատեսն ենք լինելու բազմաթիվ նոր բախաձեռնությունների եւ ծրագրերի: Հանձնաժողովի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանին եւ իմ տեսած նորօրյա Երեւանի լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանին”,-նշել է Վիգեն Սարգսյանը:
Տոնական միջոցառումների շրջանակում Տարոն Մարգարյանը հետեւել է քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված բեմադրությանն ու ազգային նվագարանների համերգին: Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի բակում ունկնդրել է նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումները:
Քաղաքապետը շրջել է Երեւան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահով: Տոնական միջոցառումների շրջանակում անցակացվող գրքի ցուցահանդես-վաճառքի տաղավարներով շրջելիս Տարոն Մարգարյանը նաեւ մի քանի գիրք է գնել:
Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակվելու կապակցությամբ 2012-ին բացված հուշամատյանում, որն ի պահ տրվեց Երեւան քաղաքի պատմության թանգարանին, վերջին գրառումը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է կատարել. “Հպա´րտ եմ Երեւանով”:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն