Կառավարությունը կրճատում է պետբյուջեի ծախսերը
Կառավարությունը հետևողական աշխատանք է տանում պետական բյուջեի ծախսերի կրճատման ուղղությամբ: Ամիսներ առաջ Կառավարության նիստում հնչեցված վարչապետի հանձնարարականը կրճատել պետական մարմինների ծառայողական մեքենաների թիվը, իր տրամաբանական շարունակությունն է գտնում: Արդյունքում հինգշաբթի օրը կայացած Կառավարության նիստում որոշում է կայացվել պետական բյուջեի ծախսերը նվազեցնել մոտ 91 մլն դրամով: Սա կրճատված մեքենաների ընթացիկ տարում պահպանման համար անհրաժեշտ գումարն էր:
ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ իրականում այստեղ խնդիրը ոչ այնքան տնտեսվող գումարի մեծության մեջ է, որքան տեղի ունեցող միտումների. Ողջունելի է, որ բավարար կամք է ցուցաբերվում գնալ այնպիսի միջոցների, որոնք ինչ-որ իմաստով գուցե կոշտ են, սակայն բխում են պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախսման նպատակից:
«Կարծում եմ, որ այսօրինակ քայլերը պետք է շարունակական լինեն: Կառաարությունը չպետք է սահմանափակվի միայն ծառայողական մեքենաներով: Անհրաժեշտ է հանգամանորեն ուսումնասիրել պետական յուրաքանչյուր ծախսի հիմնավորվածությունը, դրա արդյունավետությունը և աստիճանաբար հրաժարվել այն ծախսերից, որոնց արդյունավետությունը ցածր է:
Ներկայիս տնտեսական պայմաններում այդ գործողություններն էլ ավելի հրատապ և արդիական են դառնում: Արդյունքում հնարավոր կլինի կրճատել պետական բյուջեի դեֆիցիտն ու հետևաբար թեթևացնել նաև պետական պարտքի բեռը»,- նշեց նա: