Պավել Մանուկյանն ու նրա որդին վիրահատվել են. Նրանց վիճակը ծանր է
Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում կեսգիշերին մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանը և նրա որդի Արամ Մանուկյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել են:
«Ժամը 1-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունվել է երեք վիրավոր, որից մեկը ոստիկանության աշխատող է եղել, ունի սրունքի հրազենային վնասվածք: Կատարվել է համապատասխան միջամտություններ, իր վիճակը գնահատում ենք կայուն», – լրագրողներին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Նաև ընդունվել են երկու վիրավոր` Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը, որոնք անմիջապես տեղափոխվել են վիրահատարան և կատարվել են վիրահատություններ»,-նշեց Մանուկյանը:
Բժիշկները նշեցին, որ Պավել Մանուկյանը ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, իսկ Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով: Հայր և որդի Մանուկյանները վիրահատությունից հետո տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:
«Այս պահին երկու տուժածի վիճակն էլ գնահատում եմ իբրև ծանր, սակայն կայուն և վերահսկելի: Երկուսն էլ գտնվում են արհեստական շնչառության պայմաններում», – նշեց Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը: