05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարության քայլերը ինչ արդյունք են տվել

Պետական կառավարման համակարգում խնայողական միջոցառումների մասին հայտարարելուց հետո կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքներն աստիճանաբար տեսանելի են դառնում։ Արդեն գործադիրի անցած նիստում ընդունվեց որոշում պետական բյուջեից ֆինանսավորվող ծառայողական մեքենաների կրճատումից առաջացած տնտեսումների վերաբաշխման վերաբերյալ։

Խոսքը 142 ավտոմեքենաների մասին է, որոնց սպասարկման ծախսերի դադարեցման արդյունքում առաջացել են շուրջ 91 մլն դրամի ազատ միջոցներ։ Գումաները կուղղվեն բյուջետային այլ ծախսերի ֆինանսավորմանը։

Այս հատվածից տնտեսումներն անշուշտ շատ ավելի մեծ կլինեն հաջորդ տարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցների սպասարկման ծախսերի մի մասը տարեսկզբին արդեն իրականացվել են։

Ենթադրվում է, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատման արդյունքները միայն սպասարկման ծախսերով չեն սահմանափակվի։ Դա նշանակում է, որ կօպտմալացվի նաեւ պետմարմինների աշխատակազմը՝ ի դեմս վարորդական անձնակազմի։

Հրատապ միջոցառումների շրջանակներում ձեռնարկված քայլերի արդյունքում կառավարությունը որոշում կայացրեց նաեւ բյուջետային ծախսերի սահմանափակման վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ կրճատվեց  10,4 մլրդ դրամի ծախս։ Ըստ այդմ, այդքանով թեթեւացվեց նաեւ բյուջեի դեֆիցիտը։ Այլ կերպ ասած, կառավարությունը ստիպված չի լինելու արտաքին եւ ներքին աղբյուրներից լրացուցիչ շուրջ 22 մլն դոլար ներգրավել՝ այդ ծախսերը կատարելու համար։

Բյուջեի ընթացիկ ծախսերի կրճատումն առնչվում է հիմնականում պետական կառավարման մարմինների ապարատների պահպանմանը, տրանսպորտային, գրասենյակային, գործուղումների, ընդունելությունների, ներկայացուցչական եւ այլ ծախսերի սահմանափակմանը։ Կառավարությունն ընդհուպ գնացել է նաեւ հավելավճարների եւ պարգեւավճարների ծախսերի օպտիմալացմանը։

Պետական միջոցների խնայողությունների շրջանակներում մյուս կարեւոր քայլը, որն իրականացվել է, վերաբերում է կառավարության Միջինժամկետ ծախսերի վերանայմանը։ Ըստ այդմ, դրանք եւս լիցքաթափվել են ոչ առաջին անհրաժեշտության եւ գործունեության արդյունքների վրա էական ազդեցություն չունեցող ծախսերից։

Պետք է ենթադրել, որ պետական միջոցների տնտեսման առումով ձեռնարկված այս քայլերը նշվածներով չեն ավարտվի։ Ուստի առաջիկայում պետք է սպասել բյուջետային միջոցների նաեւ այլ խնայողությունների՝ կապված հատկապես պետական կառավարման ապարատի կրճատման հետ։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ