Հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի. Սերժ Սարգսյան
Հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, շնորհավորել 2016թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին եւ մաղթել նրանց հաջողություններ ու անփորձանք ծառայություն:
Սերժ Սարգսյանը ուսման մեջ գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները եւ պարգեւատրել անվանական դաշույններով: Հանրապետության Նախագահը արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով: Արարողությունն ավարտվել է շրջանավարտների հանդիսավոր քայլերթով եւ Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:
Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, հրամանատարաշտաբային ֆակուլտետի, ինչպես նաեւ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին՝ ուսումնառության այս փուլը հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ:
Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի եւ աշխարհայացքի մասին: Այսօրվանից մեր ժողովուրդը նաեւ անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը եւ խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետեւ նա առաջին շարքերում է:
Իմ առաջին հորդորն է նորընծա սպաներին. հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի: Ռազմական ունակություններն ու հմտությունները նոր ինքնավստահություն են հաղորդում յուրաքանչյուր զինվորի: Այդ լրացուցիչ ինքնավստահության ապահովումը ձեր պարտքն է:
Հիշեք, որ ձեր թիկունքում ոչ միայն ձեր ընտանիքներն են, այլեւ երկիր եւ մատենադարան: Մատենադարան նշանակում է քաղաքակրթություն, որի համահեղինակը, կրողն ու ներկայացուցիչն ենք մենք: Այդ քաղաքակրթությունը իր մեջ պարունակում է արժեքներ եւ այդ քաղաքակրթությանը դեմ են բռնությունն ու արյունահեղությունը, բիրտ ուժն ու տմարդիությունը, անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը: Հայ զինվորականի, սպայի պատվո վարքականոնը արձանագրված է վաղուց եւ առկա է նույն մատենադարանում: Դուք ձեր ծառայության ամեն մի օրը պիտի դարձնեք ապացույց, որ մատենադարանը ձերն է, որ մատենադարանը մերն է, որ այն մեր արժեքային համակարգն է: Ապացուցեք, որ այլ արժեքներն ու գործելաոճը մերը չեն, օտար են եւ անընդունելի:
Պաշտպանելով երկիր եւ մատենադարան՝ դուք պաշտպանում եք այն քաղաքակրթական արժեքները առանց որոնց չկա հայի ինքնություն, չկա Հայաստան:
Կրկին շնորհավորելով ձեզ համար բացառիկ այս իրադարձության առթիվ՝ մաղթում եմ անփորձանք ծառայություն եւ մեր ողջ ժողովրդի անունից հավաստիացնում եմ, որ մենք ձեզ հավատում ենք: Հավատում ենք, որ հավերժ են հայի ինքնությունը եւ Հայաստանը, քանզի մենք մեզ երբեք չենք դավաճանելու:
Բարի ծառայություն: