Մերին կուրորեն հավատացել է բժշկուհուն.մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հոր հուզիչ ցուցմունքը
Անցած տարվա հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը համոզված է, որ դուստրը մահացել է «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հանցավոր ինքնավստահության հետեւանքով:
«Հուլիսի 23-ին Մերին զանգեց կնոջս ու ասաց, որ ջերմություն ունի 37,8, կինս էլ միանգամից խորհուրդ տվեց զանգել Շուշանիկ Ալբերտովնային, որի մոտ աղջիկս հաշվառված էր: Նա էլ ասել է, թե պարացետամոլ խմիր, վիրուս է, չորս օրում անցնում է: Երեկոյան Մերիի ջերմությունը բարձրացել էր մինչեւ 39,4-39,6: Բոլորս ասում էինք` գնանք ուրիշ հիվանդանոց, բայց Մերին չհամաձայնվեց, նույնիսկ ինձնից նեղացավ»,- այսօր կայացած դատական նիստի ժամանակ ցուցմունք է տվել մահացած ծննդկանի հայրը` Վաղինակ Մարգարյանը:
Հուլիսի 24-ին Մերի Մարգարյանն ընտանիքի անդամների հետ գնացել է բժշկական կենտրոն: Հայրը նշում է, որ Շուշանիկ Բախշյանը կոպիտ է ընդունել բոլորինև Մերիին ասել, որ գնալ տուն. «Կնոջս ասաց, թե հիստերիկություն մի արեք, Մերի ջան քեզ բան չկա, գնա տուն, պառկացնելու անհրաժեշտություն չկա: Մենք խնդրում էինք հետազոտել, բայց ուղարկեց Մերիին: Ասեմ, որ Մերին կուրորեն հավատացել է Շուշանիկ Ալբերտովնային: Եկանք տուն, բայց ջերմությունը չէր իջնում»:
Հուլիսի 25-ին Մերի Մարգարյանը հարազատների հետ կրկին դիմել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ անալիզներ է հանձնել Մերին, սակայն հերթապահ բժշկուհին` Անի Բաբելյանն այդպես էլ չիջավ: Ես տեղեկություններ ունեմ հավաստի, որ Բաբելյանին թույլ չի տվել Ալբերտովնան, որ իջնի եւ նայի Մերիին»,- ցուցմունք է տվել Վաղինակ Մարգարյանը:
Հուլիսի 26-ին Վաղինակ Մարգարյանի խոսքով` Մերի Մարգարյանը զանգել է մորը ու խնդրել գալ: Ավելի ուշ նա իմացել է, որ դստերը հոսպիտալացրել են, գնացել է հիվանդանոց, մի քանի ժամ մնացել, ապա գնացել տուն:
«Հաջորդ օրն էլ Մերիին տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանի որ բազմապրոֆիլային հիվանդանոցի անհրաժեշտություն է եղել:Վերջին անգամ աղջկաս տեսա վերելակի մոտ, հետո էլ չեմ տեսել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այս գործով երկու մեղադրյալ կա` Շուշանիկ Բախշյան եւ Անի Բաբելյան: Գործով դատաքննությունը հուլիսի սկզբին է սկսել: