ՔԿՀ աշխատակցի պատճառով կալանավորի 900 հազար դրամի գույքը հափշտակվել է
ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում նույն քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ծառայող Էմիլ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութություն կատարելու համար:
ՀՔԾ-ից հայտնում են, որ կատարված օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննության արդյունքում պարզվել է, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից կատարվել է ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Դ. Ս.-ի անձնական խուզարկությունը, որի մասին պատասխանատու-հերթապահ Էմիլ Ս.-ն կազմել է արձանագրություն:
Ըստ կազմված արձանագրության՝ խուզարկությամբ Դ. Ս.-ի մոտից հայտնաբերվել է ընդհանուր 896 հազար ՀՀ դրամ արժողությամբ գույք եւ գումար:
Քննությամբ հիմնավորվել է, որ Էմիլ Ս.-ն պատշաճ կարգով չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Վերջինս կալանավորի մոտից հայտնաբերված թանկարժեք ժամացույցն ու մատանին սահմանված կարգով չի պահպանել քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասում տեղադրված չհրկիզվող մետաղյա պահարանում, իսկ կանխիկ գումարը չի փոխանցել կալանավորի անձնական հաշվին: Ավելին՝ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պատասխանատու-հերթապահ Էմիլ Ս.-ն այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել, այլ հայտնաբերվածը ծրարավորված վիճակում դրել է հիշյալ հիմնարկի սենյակում, թողել է առանց հսկողության, որն էլ հետագայում հափշտակվել է:
Արդյունքում՝ Էմիլ Ս.-ի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառվել կալանքի տակ գտնվող Դ. Ս.-ի իրավունքներին ու օրինական շահերին: Վերջինս զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքն ու գումարը տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու հնարավորությունից:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: