Ողնաշարը ջարդեցին. Հայկական ժամանակ
Երեկ վաղ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է Խորենացի փողոցի ցույցը բերման ենթարկելով ցուցարարներին: Մինչ այդ օպերացիան, ոստիկանությունը հայտարարեց, որ հավաքն անօրինական է` զգուշացնելով լքել տարածքը: Ցուցարարները, սակայն, չհեռացան: Կոչը հնչեց երկրորդ անգամ, այս անգամ 15 րոպե ժամանակ տրվեց տարածքն ազատելու համար: Ակցիայի մասնակիցներն անդրդվելի մնացին, ինչին հետեւեց ոստիկանական օպերացիան:
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել բոլորին ում պատահի, մինչեւ տարածքում մարդ չմնաց: Իրավիճակը Խորենացի փողոցում, հիշեցնենք, լարվել էր նախօրեի ուշ երեկոյան, երբ որոշ սադրիչներ սկսեցին զանազան կոչեր անել ու բախումնային վիճակներ հրահրել: Ցույցի մասնակիցներն ու ոստիկանները սկսեցին իրար վրա քարեր նետել, արցունքաբեր գազ ու պայթուցիկներ կիրառվեցին ցուցարարների նկատմամբ: Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ բախման պահին մեկնել էր Սարի թաղ, քանի որ այնտեղից ձերբակալությունների մասին ահազանգ էր ստացել, արագ վերադարձավ ու փորձում էր հանդարտեցնել վիճակը:
Նա շարունակ կոչ էր անում չտրվել սադրանքներին եւ բացատրում էր, թե որն է բախումներ հրահրելու նպատակը եւ ինչն է լինելու դրանց հետեւանքը: Որոշ չափով վիճակը հանդարտվեց եւ հնարավոր դարձավ խուսափել արյունահեղությունից: Խորենացի փողոցում, սակայն, շարունակում էին ելույթ ունենալ կասկածելի մարդիկ փորձելով վիճակ թելադրել, ինչն, ի վերջո, ավարտվեց ցույցը ցրելով ու տեղում գտնվող քաղաքացիներին բերման ենթարկելով:
Արդեն երեկ, օրվա երկրորդ կեսին ոստիկանության էրեբունու ՊՊԾ գունդը գրավածներից Պավլիկ Մանուկյանը հարցազրույց տվեց ու հայտարարեց, թե իրենք հենց գրոհի են սպասում: Լրագրողի հարցին այսինքն, համարում եք Նիկոլ Փաշինյանն իրավասո՞ւ չէ ձեր անունից Խորենացի փողոցում հավաքված մարդկանց հետո խոսել, Մանուկյանը պատասխանել էր. «ժողովուրդն իր անելիքը շատ լավ գիտակցում է, ընդամենը պետք է առաջնորդել դեպի այստեղ: Ի սեր Աստծո, ինչի՞ մասին է խոսքը, եթե Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների մեկ սրա հետ, մեկ նրա, ինչի՞ մասին է խոսքը, իշխանական ցանկացած թեփ հանցագործի հետ բանակցելդ արդեն անիմաստ է:
Նրանք անգամ թույլ չեն տալիս Նիկոլ Փաշինյանը գա այստեղ, ուր մնաց թույլ տան… Հա, ես հարգում եմ Նիկոլի անունը, շատ եմ հարգում, միակն էր եւ առաջինն էր, որ եկել է այստեղ, բայց Նիկոլն անգամ չի պատկերացնում այս ժողովրդի ներքին ներուժը»: ճշտող հարցին` այսինքն, չե՞ք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը ձեր անունից խոսի, Մանուկյանը պատասխանել է. «Նիկոլը պիտի հանդիպի, իմանա ինչ խոսի մեր անունից, թույլ չեն տալիս այդ մարդուն, ո՞նց կարող է Նիկոլը մեր անունից խոսել»:
Արդեն երեկոյան մամուլի ասուլիսով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, որը, հիշեցնենք, ՊՊԾ գունդը գրավելու օրվանից այնտեղ է եղել փորձելով արյունահեղություն թույլ չտալ, եւ հայտարարեց. «Ես ասել եմ, որ բանակցություններում որեւէ ներգրավվածություն չունեմ, քանի որ բանակցում են «Սասնա Ծռերն» ու իշխանությունները, բազմիցս ասել եմ, որ որեւէ տեղեկատվություն չունեմ բանակցությունների ընթացքի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է իմ գործողություններին, ուզում եմ ասել, որ իրենց հետ կապված գործողություն չկա, որ իրականացրել եմ առանց իրենց համաձայնության սկսած տեսանյութից, որը նկարահանվել ու հրապարակվել է, եւ նկարահանումը, ե՛ւ հրապարակումը համաձայնեցրել եմ իրենց հետ, քանի որ դա շատ լուրջ հարց է (…):
Չի եղել որեւէ շփում, որեւէ գործողություն, որի մասին չեմ եկել ու պատմել հանրությանը: Նույնիսկ, երբ երեկ Սարի թաղի ձերբակալությունների հետ կապված Աղվան Հովսեփյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, դրա մասին հրապարակային տեղեկացրել եմ: Որեւէ մեկը չի կարող ասել, որ փորձել եմ «Սասնա Ծռերի» անունից խոսել:
Էս ընթացքում բոլոր գործողություններս 100 տոկոսով համապատասխանել են այն քաղաքական ծրագրին ու ռազմավարությանը, որ մենք հրապարակել ենք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերհաստատում է իր հավատարմությունը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին, եւ կարծում է, որ ՀՀ-ում ստեղծված ճգնաժամը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով: Այս շեշտադրումն անում եմ, որովհետեւ ինձ ասացին, որ երեկվա իմ ջամքերից հետո (եւ ուրախ եմ, որ դրանք հաջողության ունեցան)`իմ բացակայությամբ սկսված հետագա զարգացումը կանխելու, դրանից հետո արտահայտություններ են հնչում, նույնիսկ մեղադրանքներ են հնչում:
Այն, ինչ կատարել եմ այնտեղ, բխել է մեր կուսակցության ծրագրից, բայց հիմա մարդիկ կան, ասում են` դավաճանություն էր, չթողեցին ներս մտնեն… Երբ ես եկա, ըստ էության, ոստիկանությունը իր տեղում էր, ցուցարարները չէ, նենց չի եղել, որ եկել եմ. տեսել ցուցարարները ճեղքել են ոստիկանության պատը, գնացել հետ եմ քաշել իրենց: Եվ հետո, այսօր իմացա, որ Գարեգին Չուգասզյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում ասելով, որ բախումներից պետք է խուսափել, մենք չենք տանում մարդկանց բռնության, նրանք, ովքեր սրա հետ կապված հարցերն ուզում են ինձ հասցեագրել, առաջարկում եմ Չուգասզյանին հասցեագրել:
Նաեւ հնչել են հայտարարություններ, որ էնտեղ գտնվելու, ղեկավարելու… մի քանի անգամ հայտարարել եմ, որ էնտեղ պրոցեսները ոչ ղեկավարելու, ոչ կոորդինացնելու որեւէ հավակնություն չունեմ: Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության հաջող ծրագրի իրականացմանը, ուրեմն Խորենացի փողոցում կլինեմ էն դեպքում, երբ կամ ցուցարարները դրա անհրաժեշտությունը գտնեն, եւ ես էլ տեսնեմ, որ էնտեղ կա անելիք: Հակառակ դեպքում երեկ հնչած մեկնաբանություններից հետո այնտեղ անելիք չեմ տեսնում»:
Փաշինյանը երեկ Խորենացի չգնաց: ՊՊԾ գունդը գրավածները շարունակում են մնալ ներսում եւ բանակցություններ վարել իշխանությունների հետ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերի այս համարում: