Արաբագետ. Թուրքիայում ինքնաթիռի հարկադիր վայրէջքը Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն է
“Ռուսաստանից Սիրիա թռչող քաղաքացիական ինքնաթիռը ստիպողաբար Անկարայում իջեցնելու եւ խուզարկելու փաստը թուրք-սիրիական հակամարտության տրամաբանական շարունակությունն է”,- մեկնաբանելով Անկարայի օդանավակայանում, Ռուսաստանից Սիրիա թռչող ինքնաթիռին հարկադիր վայրէջքին դրդելու թուրքական իշխանությունների քայլը, Henaran.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Արաբագետ Ա. Պետրոսյանի համոզմամբ, տեղի ունեցած միջադեպը եւ դրան նախորդած իրադարձությունները, մասնավորապես` թուրք-սիրիական սահմանային բախումները, փոխկապակցված են:
“Սիրիական ինքնաթիռը կանգնեցնելը տեղի ունեցավ Թուրքիային բնորոշ կերպով: Նրանք սկզբում գործում են, հետո միայն մեկնաբանում իրենց գործողությունները: Կանգնեցրին ինքնաթիռը, ժամերով խուզարկեցին, հետո միայն հանդես եկան հայտարարություններով: Մինչդեռ նման դեպքերում գոյություն ունի քաղաքացիական ավիացիայի միջազգային նորմերով կարգավորվող ընթացակարգ”,- նշեց արաբագետը:
Խոսելով այդ քայլին դիմելու Թուրքիայի շարժառիթների մասին` Ա. Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան փորձ է անում հակադարձել իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, ըստ որոնց` Թուրքիան ամենատարբեր, այդ թվում` ռազմական միջոցներով աջակցում է սիրիացի ապստամբներին:
“Սիրիան եւ Ռուսաստանը բազմիցս մեղադրել են Թուրքիային, ինչպես նաեւ Արեւմուտքին, Պարսից ծոցի արաբական միապետություններին, որ վերջիններս աջակցում են սիրիական ապստամբներին: Համաշխարհային մամուլում շատ է արծարծվել սիրիական ապստամբներին արեւմտյան եւ իսրայելական արտադրության զենք-զինամթերքի առաքման մասին: Այս միջադեպն, ըստ էության, Թուրքիայի պատասխանն էր այդ մեղադրանքներին` հրապարակայնորեն ցույց տալու, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանը եւս Սիրիային նմանատիպ օգնություն է ցուցաբերում. մինչ օրս հրապարակային կերպով չէր խոսվում Սիրիային Ռուսաստանի պաշտոնական աջակցության մասին, իսկ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ որեւէ ռազմական օժանդակություն չի տրամադրում Սիրիային, հատկապես սիրիական ճգնաժամի ընթացքում: Իսկ տրամադրվող օգնությունը բխում է Սիրիայի հանդեպ Ռուսաստանի` մինչեւ 2010թ.-ին ստանձած միջազգային պարտավորություններից: Բացի դրանից, Ռուսաստանը չի մասնակցում մի շարք պետությունների կողմից սպառազինության հարցում Սիրիայի դեմ հայտարարված պատժամիջոցներին”,- ասաց Ա. Պետրոսյանը:
Ըստ արաբագետի` Անկարայի նման քայլը պետք է դիտարկել նաեւ Սիրիային աջակցելու հարցում Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն, որը միտված է “Սիրիայի հարցում Ռուսաստանի գործողություները վերհանելուն, հետեւաբար պետք է նաեւ սպասել Ռուսաստանի կողմից համարժեք պատասխանի”:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան թուրքական F-16 կործանիչները ստիպել էին սիրիական ավիաընկերության А320 ինքնաթիռին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Ինքնաթիռում գտնվել է 35 ուղեւոր: Միջադեպի առնչությամբ Թուրքիայում ՌԴ դեսպանատունը իր մտահոգությունն էր արտահայտել, սակայն ռուս դիվանագետներին, ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այդպես էլ թույլ չէին տվել հանդիպել ՌԴ 17 քաղաքացիների հետ: Օդանավակայնում ժամեր տեւած խուզարկումից հետո թուրքական իշխանությունները, այուամենայնիվ, թույլ էին տվել թռիչքը Դամասկոս, նախօրոք արգելք դնելով որոշ բեռների վրա, որոնք ըստ շրջանառվող լուրերի, ռազմական ոլորտում կիրառվող տեխնիկա է եղել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` հոկտեմբերի 14-ին նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է անորոշ ժամանակով: