Գնացել էին զոհվելու, թող գնային Ադրբեջանի սահմանին զոհվեին. Էդվարդ Միլիտոնյան
Գացել էին զոհվելու, թող գնային Ադրբեջանի սահմանին զոհվեին, ոչ թե հայ մարդ սպանեին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե զինված խումբը, որը հուլիսի 17-ին հարձակում էր գործել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա, գնացել է գիտակցված մահվան:
Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Հայաստանում օրենքի հանդեպ կա որոշակի քամահրանք: «Հասարակության այս վիճակը պետք է բերել օրինական դաշտ, այդ մարդիկ պետք է հանձնեն զենքերը, չվտանգեն իրենց ու ուրիշների կյանքը: Մենք պետք է քրիստոնեական ոճով առաջնորդվենք, մենք դատապարտում ենք իսլամիստ ահաբեկիչներին և ինքներս, քրիստոնյա լինելով, իրավունք չունենք մարդ սպանել, ուրիշի իրավունքները ոտնահարել: Մի խումբն ասում է ոստիկանները կրակեցին, մյուս մասն ասում է՝ զինված խումբն է կրակել: Էդ երկու «նրանք»-ը մենք ենք, հայը, երկու մասի բաժանվելով, իրար ուտելով, իրեն է ոչնչացնում: Սեֆիլյանին ազատելու համար ուրիշին սպանելը սխալ է և տաք ուղեղի արգասիք»,- ասաց Միլիտոնյանը՝ հավելելով, որ ցավալիորեն մեր հասարակությունում սպանելը դարձել է սովորական մի բան:
«Մենք իրավունք չունենք պատերազմը տեղափոխել մեր մեջ: Ազատամարտիկ գնդապետին սպանել են ազատամարտիկ ընկերներ, սա է ցավալին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բանակցությունները պետք է շարունակվեն այնպես, որ արյունահեղությունները բացառվեն և այս միջադեպերը որևէ ազդեցություն չունենան Ղարաբաղի հարցի վրա: