Սերժ Սարգսյանը հրահանգել է. Հրապարակ

Կիրակի օրը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից էրեբունիում գտնվող Երեւանի ՊՊԾ գնդի շենքը գրավելու առիթով Սերժ Սարգսյանի նույն օրը եւեթ հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության եւ ԱԱԾ պետերն ու տեղակալները: Ներկա չեն եղել քննչական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաեւ գլխավոր դատախազը, որն այժմ արձակուրդում է, ըստ տեղեկությունների երկրում չէ: Խորհրդակցության ժամանակ նախագահը, մեր տեղեկություններով, «շան լափ» է թափել ուժային ղեկավարների վրա, հատկապես
` ԱԱԾ-ի:
Նա հարց է բարձրացրել, թե որտեղ է օպերատիվ հետախուզությունը, երբ իր քթի տակ մի քանի անձինք, չունենալով բարձր պատրաստվածություն եւ մեծ ռեսուրսներ, կարողացել են գրավել ոչ ավել, ոչ պակաս` ոստիկանության շենք: Այն դեպքում, որ ընդամենը ամիսներ առաջ իրավապահները զինված հեղաշրջման պատրաստվող հանցախումբ են վնասազերծել, որի գործով անցնում է նաեւ ՀԽ առաջնորդ ժիրայր Սեֆիլյանը:
Եթե ուժայինների տեսադաշտում գտնվող ՀԽ անդամները կարողացան ՊՊԾ գնդի շենքը գրավել, ապա պատկերացնում եք ինչ կլինի, եթե մեկ այլ ոչ կասկածելի ուժ փորձի հեղաշրջում անել, ասել է ՀՀ նախագահը: Ապա Սերժ Սարգսյանը հրահանգել է` արյուն չի թափվելու, գնացեք լուծեք հարցը խաղաղ ճանապարհով:
Սա, ըստ էության, ԱԱԾ երիտասարդ պետ Գեորգի Կուտոյանի առաջին «քննություն-փորձությունն» էր, որը նա ձախողեց: Ասում են` ստեղծված իրավիճակը հատկապես ԱԱԾ երկարամյա նախկին պետ Գորիկ Հակոբյանի սրտով է, քանի որ նորանշանակ պետի նկատմամբ իր թերահավատությունն արդարացվեց: Այժմ կարմիր քարտ ստացած ուժայինները փաստի առաջ են կանգնել, չգիտեն ինչ անել, որ եւ հարցը լուծվի, եւ արյուն չհեղվի: Փակուղու առաջ են հայտնվել նաեւ ապստամբները:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: