Ծառուկյանից խլեց. Հայկական Ժամանակ
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի 9-րդ կամ այս գարնանային նստաշրջանում ամենաշատը բացակայելու դափնին շարունակում է պահպանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու խմբակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հիմա պարզապես շարքային պատգամավոր է, սակայն երբևէ չի մասնակցում նիստերին: Եթե նախորդ նստաշրջանների ժամանակ գոնե մեկ-մեկ կամ առաջին նիստի օրը գալիս էր խորհրդարան, ապա գարնանային նստաշրջանի նույնիսկ բացման օրը չէր եկել:
Անցած տարվա փետրվարյան իրադարձություններից հետո նա ընդհանրապես խուսափում է ոչ միայն խորհրդարան գալուց, այլեւ հանրային միջոցառումներին մասնակցելուց: Ըստ Parliamentmonitoring.am կայքի ամենաշատ բացակայողների հորիզոնականը, սակայն, այս անգամ միայն Գ. Ծառուկյանին չի պատկանում, այդ տիտղոսն իր 110 բացակայություններով նրա հետ կիսում է Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Բուռնաշը:
Վերջինս էլ Աժ չի գալիս, քանի որ նեղացած է իշխանություններից իր նկատմամբ հարկային տուգանքներ կիրառելու եւ Հրագդան տոնավաճառը սնանկացնելու պատճառով: Երրորդ բացակայողը ԲՀԿ խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանն է, որը նույնպես Աժ նիստերին չմասնակցելու իր պատճառն ունի նա անցած տարի հայտարարեց, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին ու պետք է փողոցում պայքարել: Նա նաեւ ցանկություն էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանն ակտիվ քաղաքականությամբ զբաղվի: Այս հայտարարություններից հետո Խաչատրյանը մեկնեց ԱՄՆ ու դեռ չի վերադարձել:
Ամենաշատը ելույթ ունեցողն էլ է ԲՀԿ-ից` Միքայել Մելքումյանն է, նրան հետեւում են «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Հիշեցնենք, որ ՕԵԿ պատգամավորները վերջին մի քանի նստաշրջանում քննարկվող գրե թե բոլոր օրինագծերի դեպքում ելույթներ են ունենում: Կարծիք կա, որ նրանց այդ ակտիվությունը պայմանավորված է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության եթերով Աժ բոլոր նիստերի ուղիղ հեռարձակմամբ:
Իսկ ամենաշատը «դեմ» է քվեարկել պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը քվեարկության դրված 110 օրինագծերից 46-ին դեմ է եղել: Այս շարքում եռյակը լրացնում են Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Ամենաշատը «կողմ» են քվեարկել միանգամից յոթ պատգամավորներ’ Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Ոուբեն Հովսեփյանը, Ալեքսան Պետրոսյանը, Արթուր Ստեփանյանն ու Կարեն Բեքարյանը: Նրանք 110 օրինագծերից 109-ին կողմ են քվեարկել: Ամենաշատ «ձեռնպահ» է քվեարկել «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանը, նրան հետեւում են կամ այս հորիզոնականում եռյակը լրացնում են նույն խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Իսկ քվեարկությանը ամենաշատը չի մասնակցել ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, նրան հետեւում են ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու կրկին ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը` Գագիկ Ծառուկյանի խնամին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: