Գազի բալոն է պայթել․ կա տուժած
Հուլիսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի 11-րդ հարկում այրվում է բնակարան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Ըստ նախնական տվյալների մեկ տուժած տարբեր այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Պարզվել է, որ թիվ 55 բնակարանում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք, կուտակված գազը պայթել է և բռնկվել. կա մեկ տուժած (Դ. Հ., ծնված 1993 թ.), ով ժամը 18.30-ին հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մարվել է ժամը 18.45-ին: Այրվել է բնակարանի խոհանոցի պատերի երեսպատումը և գույքը` մասամբ (10 քմ), ջերմահարվել է շքամուտքի առաստաղի փրփրապլաստե շրիշակը: