ՊՊԾ գնդում գտնվողներն ապահովվել են սնունդով եւ անհրաժեշտ դեղորայքով. ԱԱԾ
Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաեւ անհրաժեշտ դեղորայքով:
Հայաստանի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել եւս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետեւանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները:
Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ»: