Հուսանք` իրավապահ մարմիններին կհաջողվի բանակցությունների միջոցով տարբերակներ գտնել. Դավիթ Շահնազարյան
Այսօր առավոտյան Երևանում տեղի ունեցած զինված միջադեպը հարված էր Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին, երկրի միջազգային հեղինակությանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային անվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ ամենակարևորը նոր արյունահեղությունից խուսափելն է ու բանակցությունների արդյունքում իրավիճակից դուրս գալու խաղաղ ելքեր գտնելը:
«Հուսանք, որ իրավապահ մարմիններին կհաջողվի բանակցությունների միջոցով տարբերակներ գտնել՝ իրավիճակից խաղաղ ճանապարհով դուրս գալու համար: Քաղաքական գնահատականներ կամ մեկնաբանություններ տալ չեմ ուզում, որովհետև դրանք կարող են սրել առանց այն էլ բարդ իրավիճակը»,- նշեց ՀՀ Ազգային անվտանգության նախկին ղեկավարը:
Հիշեցնենք, որ մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: