Հայաստանն ապրում է խորհրդային ռեժիմով. տնտեսագետ
Հայաստանի հեռանկարային շուկաները գտնվում են ոչ թե Ռուսաստանում, այլ ավելի շատ Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ. նշեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Ըստ տնտեսագետի՝ դա նշանակում է՝ Հայաստանի տրանսպորտային ուղիները պիտի ինտեգրված լինեն այդ տարածքներին:
«Հայաստանում քիչ բան է փոխվել, հարեւան երկրներում՝ շատ: Նրանք ունեն այլընտրանքային հնարավորություններ, ինտեգրված են այլ տնտեսական տարածքների, Հայաստանն ապրում է խորհրդային ռեժիմով. դա արգելակում է Հայաստանի զարգացումը, իսկ երկաթգիծը Հայաստանի համար անհրաժեշտ գործոն է»,-ասաց բանախոսը:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուն, տնտեսագետը նշեց, որ փոփոխություններ է առաջացրել տարածաշրջանում. «Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական իրավիճակը փոխվում է՝ կապված Իրանի, Արեւմուտքի ազդեցությամբ: Սա ենթադրում է, որ ձեւավորվելու են տրանսպորտային նոր ուղիներ, ստեղծվելու են միջազգային տրանսպորտային ուղիներ: Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Իրանը ներքաշվի տրածաշրջանային գործարքների մեջ, սակայն, անկախ նրա ցանկությունից, Իրանի հետ պետք է հաշվի նստել, եւ Իրանը տարածաշրջանում նոր հնարավորություններ է ստեղծում»: