Սաակաշվիլին պատմել է 2008-ի պատերազմում “սիրելի Բուշի” դերի մասին
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշ կրտսերի հետ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում շփման մանրամասները, հաղորդում է “Грузия Online”-ը:
“Բուշն ինձ զանգահարեց այն ժամանակ, երբ ռուսական բանակն արդեն դեպի Թբիլիսի էր գալիս: “Դե, ինչպե՞ս ես, Միշա: Կարծես թե ոչ այնքան լավ, այո՞“,-հարցրել է Բուշը: “Թե ինչպես եմ ես հիմա, դա արդեն կարեւոր չէ , հարգելի նախագահ, ես գուցե եւ չլինեմ էլ վաղը, իսկ դուք չպիտի Ձեզ այդպես լավ զգաք”,-պատմել է Սաակաշվիլին եւ հավելել, որ ինքն այդ ժամանակ ասել է Բուշին, թե “Թբիլիսիի գրավումն այդ ժամանակ կնշանակեր սովետական միության վերականգնումը”:
“Սովետական Միությունը փլուզվել է Ձեր հոր օրոք, եւ եթե Ձեր օրոք այն վերականգնվի, պատկերացնո՞ւմ եք` ինչպես կգրեն ձեր մասին պատմության մեջ”,-նետել է Սաակաշվիլին Բուշին: Նրա խոսքով` հենց այդ խոսքերից հետո էլ ԱՄՆ-ը գործի դրեց իր ռազմական ուժերը` Վրաստանին օգնելու համար: Պաշտոնապես դա կոչվեց հումանիտար օգնություն, որն էլ Սաակաշվիլիի կարծիքով` նպաստեց նրան, որ ռուսները հրաժարվեն “Վրաստանը գրավելու մտքից”: Ավելի ուշ ռուս զինծառայողները հայտարարել էին, թե տեխնիկան, որը համարվում էր, թե “Թբիլիսիի կողմն էր ուղղվում”, իրականում դուրս էր բերվում լքված վրացական ռազմական բազայից:
Ապրիլի 16-ին վրացական հեռուստաընկերություններից մեկի եթերում նախագահը նաեւ հաստատել է այն ինֆորմացիան, որ այդ ընթացքում ԱՄՆ-ի Պետքարտուղարի պաշտոնն զբաղեցնող Կոնդոլիզա Ռայսն զգուշացրել է իրեն պատերազմի մեջ չմտնել: ”Ի՞նչ նեք մենք պատասխանել` “Մենք չենք խառնվի, Կոնդի, սիրելիս, բայց ի՞նչ կանեք դուք, եթե նրանք, այնուամենայնիվ, ներխուժեն”,-հայտարարել է նախագահը:
Հակամարտությունը վրաց-օսեթական տարածքում սկսվեց 2008-ի օգոստոսի 8-ին: Հարավային Օսիան հրետանային ռմբակոծման ենթարկվեց վրացական կողմից, որից հետո էլ տարածք մտան վրացական զորքերը: Սակայն ինքնահռչակ հանրապետության վերահսկողությունը չհաջողվեց վերադարձնել: Պաշտոնական Թբիլիսին պնդում էր, որ Ռուսաստանն առաջինն է իր զորքերը մտցրել Հարավային Օսիա եւ վրացական ուժերը գործի են անցել ի պատասխան դրան: