Դանակահարել են 37-ամյա տղամարդու
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա Ա.Գեւորգյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016թ. հուլիսի 6-ին` ժամը 21:40-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի եւ որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ա.Գեւորգյանը:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ տղամարդուն դանակահարել է Դավթաշեն վարչական շրջանի մի բնակիչ, ում ինքնությունը պարզվել է։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ հարցաքննվել, որի ժամանակ ցուցմունք է տվել դեպքի շուրջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: