Օսկանյանը մեկնե՞լ է, թե՞ չի մեկնել
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գրասենյակից Henaran.am-ը տեղեկացավ, որ Վարդան Օսկանյանը Հայաստանում է գտնվում եւ չի բացակայել երկրից:
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի ԲՀԿ-ական անդամների փոփոխության մասին հարցին, ասել էր, որ իրենց առաջարկությունը Վարդան Օսկանյանի հետ դեռ չեն քննարկել եւ, որ հարցին անդրադարձ կլինի, երբ պարոն Օսկանյանը Հայաստան վերադառնա:
“Վարդան Օսկանյանը Հայաստանում չէ, աշխատանքային խնդիրներով բացակայում է երկրից”,- մեր թղթակցին ասել էր Նաիրա Զոհրաբյանը: Այսօր փորձեցինք պարզել, թե Վարդան Օսկանյանի բացակայությունն արդյո ՞ք առնչություն ունի հայտնի քրեական գործին:
“Պարոն Օսկանյանը որեւէ տեղ չի մեկնել եւ գտնվում է Հայաստանում”,- Henaran.am-ին փոխանցեցին Վարդան Օսկանյանի գրասենյակից:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ զրկեց պատգամավորական անձեռնամխելիությունից եւ ներգրավվեց Սիվիլիթասի` փողերի լվացման քրեական գործում որպես մեղադրյալ:
Նկատենք նաեւ, որ Աղվան Հովսեփյանը խորհրդարանում միջնորդագրի քննարկմանը մի քանի անգամ շեշտեց, որ պատգամավոր Վարդան Օսկանյանը չի զրկվելու ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվելու: Վարդան Օսկանյանի կարգավիճակի փոփոխությունը, գլխավոր դատախազի խոսքով, նախաքննական մարմնին հնարավորություն է տալու իրականացնել բազմակողմանի եւ ամբողջական նախաքննություն: