Ոչինչ չի ստացվելու. 168 Ժամ
-Պարոն Բաբայան, երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ուսումնամարզական թռիչքներ էին իրականացվում բավականին ծավալուն կերպով: Ի՞նչ նշանակություն ունեն այս զորավարժությունները: Կա՞ արդյոք սրանում քաղաքական ուղերձ` ուղղված հայկական կողմերին: Հայկական կողմն անհանգստանալու առիթ ունի՞:
-Տարօրինակ երևույթ այս ամենում բացարձակապես չկա: Մենք հետևում ենք այդ ամենին` անելով համապատասխան հետևությունները: Անհանգստանալու կամ խուճապի մատնվելու մասին խոսելը նույնիսկ անհարմար ու ամոթ է, դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: Սա իրենց կողմից ուսումնական թռիչքներ են, և որևէ արտառոց բան չկա, այնուամենայնիվ, մենք ուսումնասիրում ենք, հետևում իրավիճակին և ձեռնարկում համապատասխան քայլերը: Անհանգստություն չկա և չի էլ կարող լինել:
-Քայլեր ասելով` ի՞նչ նկատի ունեք:
-Նման դեպքերում Պաշտպանության բանակն իր ստորաբաժանումներով համապատասխան միջոցներ է ձեռնարկում’ ուղղված էլ ավելի բարձր զգոնությանը: Ի դեպ, սա նորմալ պրակտիկա է, և նման միջոցառումներ ձեռնարկում են նաև այն հարևան երկրները, որոնց հարաբերությունները բարիդրացիական են: Եթե զորավարժություններ են սկսվում, հարևան երկրի ԶՈՒ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում, ինչը բնական է:
-Պարոն Բաբայան, օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադառնալով կարգավորման գործընթացին` բացառել էր ադրբեջանական կողմի համար ԼՂ անկախությունը’ պնդելով, թե հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության շրջանակում: Սա չի՞ նշանակում արդյոք, որ բանակցային գործընթացը և նախագահների հանդիպումները դեռևս կառուցողական հուն չեն մտել: Ինչպե՜ս եք գնահատում այս հայտարարություններն այն փուլում, երբ հաջորդ հանդիպումը պետք է կայանա Փարիզում, և նույնիսկ լավատեսական կարծիքներ կան, թե փաստաթուղթ կներկայացվի այնտեղ մեխանիզմների ներղրման վերաբերյալ:
– Ադրբեջանը որևէ կերպ չի վերանայել իր ռևանշիստական և ֆաշիստական մոտեցումները, դա արդեն իրենց խնդիրն է: Եթե նման հայտարարություն է արվում, ինչ-որ կերպ իրենց շնորհակալություն պետք է հայտնենք, որ ազնիվ են այս տեսանկյունից, միշտ ասում են, որ իրենց նպատակն Արցախը բռնակցելն է, Արցախը ոչնչացնելը, չեն թաքցնում իրենց այս մոտեցումը:
Տարօրինակ է մի կողմից
` ունենք նման հարևան’ շատ նենգ, մյուս կողմից ազնվորեն ասում է, թե ինչ է ուզում: Նման հայտարարություններից հետո մենք մեր հետևություններն անում ենք, բայց նաև միջազգային հանրությունը պետք է այս ամենը հաշվի առնի և համապատասխան քայլեր ձեռնարկի:
Երբ խոսում են ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին, պետք է հաշվի առնել, որ ստատուս-քվոն ունի մի շարք շերտեր, և շատ կարևոր է ստատուս-քվոյի փոփոխությունը տեսլականի մեջ դիտարկել: Այսինքն Ադրբեջանն իր տեսլականում որևէ փոփոխություն չի կատարել, այդ նույն ստատուս-քվոն, որը եղել է 90-ական թթ. խորհրդային տարիներին
` բռնակցել, ոչնչացնել Արցախը, մնացել է:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: