Գազի պայթյունից փողոցում հայտնված ընտանիքը հույս ունի
Երեք տարի առաջ Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքը ակնթարթների ընթացքում հայտնվեց փողոցում: Պատճառը՝ գազի արտահոսքից առաջացած պայթյունն էր , որը ոչ միայն ֆիզիկական այլ նաև հոգեբանական լուրջ վնասներ է հասցրել այս ընտանիքին:
Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է այս պատմությանը:
Նշենք, որ Պետրոսյանների ընտանիքը մի քանի անգամ դիմել է կտրուկ քայլերի: Անգամ նրանց հղի հարսը՝ փոքր երեխայի հետ փորձել է փակել Բաղրամյան պողոտան:
Նախկինում մեզ հետ զրույցում ընտանիքի որդին՝ Արտակ Պետրոսյանը նշել էր, որ իր մարմնի 55 տոկոսը այրված է, սակայն ցավն այն է, որ ընտանիքով հայտնվել են փողոցում: Պետրոսյանի փոխանցմաբ դեպքից առաջ, իրենք դիմել են «ՀայՌուսգազարդ» -ին. « Շրջիկ-փականակագործները եկել են ու ոչ մի բան չեն հայտնաբերել:
«Հետո փորձանքը եղավ:Ասեցին հոտը փողոցով անցնող մագիստրալիցա, հետո էլի մասնագետ կգա: Ես գիշերը՝ ժամը մեկի սահմանում, իմ ննջասենյակում սիգարետ ծխեցի՝ տունը տրաքավ ու ամբողջ պատը փլեց հղի հարսիս վրա, եղբորս կինը 6 ամսական հղի էր, ես 70 օր պառկեցի հանրապետական հիվանդանոցում, երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Կյանքումս ամեն բան փոխվեց »,-պատմել էր Արտակ Պետրոսյանը:
Ընտանիքը վերջերս համալրվել է. ևս մեկ փոքրիկ ծնվել է վարձով տանը: Պետրոսյանները հավատում են արդարադատությանը և դատարանի կողմից կայացված վճիռը ինչ-որ չափով բավարարել է նրանց:
«Դատավորը մասամբ է բավարարել մեր պահանջը՝ գույքի մասով և հիվանդանոցային ծախսերը բավարարել են»,-Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց Արտակ Պետրոսյանը:
«Հետագա բուժումը, բարոյական վնասը, տան վարձը թողնվել է քաղաքացիական մեկ այլ հայց ներկայացնելու համար,վճռում այդպես էլ գրվել է , որ այդ հարցերը թողնվում են առանց քննարկման՝ հետագայում հայց ներկայացնելու նպատակով:Փոխանցված գումարը կիսատ է նոր հայցով պետք է մտնենք դատարան:Հույս ունենք, որ շուտով կապրենք մեր տանը»,-նշեց Արտակ Պետրոսյանը:
Տեղեկացնենք նաև, որ տունը գտնվում էր Արարատի մարզի՝Այնթափ գյուղի 12-րդ փողոց 10-րդ տուն հասցեում: