Գալուստ Սահակյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գեորգի Կարաստամատովին՝ Հայաստանում պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացրած նպաստավոր համագործակցության համար եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:
Գալուստ Սահակյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման տեսանկյունից: Այս համատեքստում նա կարեւորել է Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի դերը:
Անդրադառնալով տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում համագործակցությանը՝ Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Բուլղարիայի պատվիրակությունները միջազգային հարթակներում հանդես կգան փոխադարձ հավասարակշռված մոտեցումներով:
Գեորգի Կարաստամատովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում արել է հնարավորը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:
Դեսպանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորել է միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը:
Խոսելով Բուլղարիայի հայկական համայնքի խնդիրներից` նա վստահեցրել է, որ հայերն այնտեղ պաշտպանված են, ապրում եւ ստեղծագործում են ինչպես Բուլղարիայի լիիրավ քաղաքացիներ:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ հայ եւ բուլղար ժողովուրդների միջեւ վաղեմի բարեկամությունը, մշակութային առնչությունները նպաստավոր հիմք են հանդիսացել երկու պետությունների հարաբերությունների զարգացման համար: