«Ադրբեջանը ոչինչ չի զիջում»
Քառօրյա պատերազմից հետո բանակում կատարված փոփոխությունները բավարար չեն ասելու համար, որ պատերազմից դասեր ենք քաղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը:
«Մի ձերբակալված գեներալ, մի երկու պաշտոնանկություն ու ոչ մի հետեւություն: Պատերամի հարյուր օրը լրացավ երեկ, հարյուր օրվա ընթացքում ներքաղաքական փոփոխություններ չեմ տեսնում: Որոշակի բարելավումներ կան սահմանի վրա` զինատեսակներ, նոր սարքեր, բայց էական առումով անորոշ է մնում ռուսական 200 միլիոն զենքի հարցը»,- ասաց Արա Պապյանը:
Պատերազմից հարյուր օր հետո, ըստ քաղաքագետ, արտաքին ճնշումն ավելանում է հայկական կողմի վրա եւ հարցի լուծումը դիտարկվում է հայկական կողմի միակողմանի զիջումների վրա:
«Փոխզիջում չի, քանի որ Ադրբեջանը ոչինչ չի զիջում: Խոստում է տալիս, որ ապագայում կարող է քննարկել ճանաչման հարցը: Բայց միաժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ բացառվում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչեն: Ղարաբաղի նախիջեւացումն իրենք մեզ հրամցնում են որպես փոխզիջում»,- ասաց քաղաքագետը: