05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկու գագաթաժողովներից հետո Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հարգելի Պավլո,
Հարգելի Յոհանես,
Հարգելի Հելգա,
Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ուկրաինացի գործընկերոջը` այս ոչ պաշտոնական հանդիպումը հյուրընկալելու համար:

Այս տարի մենք արդեն երկու անգամ հանդիպել ենք՝ Պրահայում և Բրյուսելում՝ քննարկելու Եվրոպական միության հետ համագործակցության մեր տեսլականը և Արևելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ հարաբերությունների հեռանկարները: Հուսով ենք, որ ԵՄ-ն կկարողանա շուտափույթ հաղթահարել Բրեքսիթի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելուն և խորացնելուն ուղղված ջանքերը:

Այս ձևաչափով Թբիլիսիում կայացած մեր վերջին հանդիպմանը հաջորդած ամիսները բեղմնավոր էին Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսակետից: Անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները: Այս համաձայնագիրն արտացոլելու է մեր երկկողմ հարաբերությունների խորությունը և էությունը, ինչպես նաև նոր ուղեցույցեր է նախանշելու՝ ամուր և համընդգրկուն գործընկերության համար: Մինչ օրս բանակցությունների չորս փուլ է անցկացվել, որոնց արդյունքում շոշափելի առաջընթաց է արձանագրվել:

Հարգելի գործընկերներ,

2015թ. մայիսին կայացած Ռիգայի գագաթաժողովի արդյունքները և ընդունված Համատեղ հռչակագիրը նախանշեցին առաջիկա տարիներին մեր գործընկերության և համագործակցության միասնական տեսլականը: Հայաստանը ակտիվորեն իրագործում է Համատեղ հռչակագրի դրույթները:

Անցած տարվա դեկտեմբերին ստորագրվել է Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Մեկ ամիս առաջ Հայաստանը միացել է հետազոտության և նորարարության «Հորիզոն 2020» ծրագրին: Մենք նախատեսում ենք մոտ ապագայում միանալ նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որն առաջարկում է մշակութային փոխանակումների առավել լայն շրջանակ, ինչպես նաև ակնկալում ենք այս տարի սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Մեր հասարակություններն առավել մերձեցնելու կարևոր նախապայմաններից մեկը շարունակում է մնալ շարժունակությունը: Մեկ ամիս առաջ Երևանում անցկացվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման հարցերով մոնիտորինգային համատեղ կոմիտեների երրորդ հանդիպումը: Կողմերն արձանագրեցին այդ համաձայնագրերի հաջող իրագործումը: Ակնկալում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի միջոցով կյանքի կոչել ազատ տեղաշարժի և ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու մեր ընդհանուր հանձնառությունը

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի կառավարությունը շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացը: Մայիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց նոր Ընտրական օրենսգիրք: Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ համատեղ եզրակացության մեջ գոհունակությամբ արձանագրվում են «իշխանությունների կողմից գործադրված շոշափելի ջանքերը՝ հաշվի առնելով ներքին շահառուների լայն ներգրավման հիման վրա արված առաջարկությունները» և նշվում է, որ «ընտրական օրենսգրքի նախագիծը կարող է համապատասխան հիմք ապահովել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար»:

Լրացուցիչ առաջընթաց ապահովելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը շարունակեց աշխատել ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, ինչի արդյունքում կառավարության և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև կնքվեց Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ ընդգրկելու վերաբերյալ պայմանավորվածություն՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացներն առավել արդար, համընդգրկուն և թափանցիկ դարձնելուն:

Այս համատեքստում թույլ տվեք նշել, որ մենք մեծապես կարևորում ենք տարիների ընթացքում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում:

Հարգելի գործընկերներ,

Վերջին տասնամյակում ԵՄ Հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը եղել է մեր համագործակցության ճանապարհային քարտեզը: Այժմ՝ ԵՄ Հարևանության քաղաքականության վերանայումից հետո, ակնկալում ենք Գործընկերության առաջնայնությունների նոր փաստաթղթի մշակում, ինչը նոր շրջանակային համաձայնագրի հետ միասին կդառնա ԵՄ հետ մեր ամուր քաղաքական և տնտեսական համագործակցության առանցքը:

Հարգելի գործընկերներ,

Քանի որ մենք այստեղ ենք քննարկելու նաև անվտանգության մարտահրավերները, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների վրա:

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ ունեին կայունացնելու ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցված լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում:

Ցավոք, երկու գագաթաժողովներից հետո Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացի առաջխաղացումը: Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հարգելի գործընկերներ,

Գնահատելով այս ձևաչափի արդյունավետությունը մեր առջև ծառացած հարցերը քննարկելու և առաջ մղելու առումով՝ Հայաստանը առաջարկում է Երևանում հյուրընկալել Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական հաջորդ հանդիպումը: Այս առումով մենք հույս ենք հայտնում երևանյան հանդիպման միջոցով բովանդակալից ներդրում ունենալ մեր համագործակցությանը:

Շնորհակալություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ