15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունն ակնկալում է ապահովել նախատեսվածից շատ ավելի բարձր տնտեսական աճ

Այս տարի կառավարությունն ակնկալում է ապահովել անհամեմատ ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսված է պետական բյուջեով։ 2017-2019թթ. միջինժամկետ ծախսերի ծրագրով գործադիրը կանխատեսել է, որ տարեվերջին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կավելանա 3,7 տոկոսով։

Հիշեցնենք, որ 2016թ. պետական բյուջեով նախատեսված է 2,2 տոկոս աճի մակարդակ։

Նման լավատեսության համար ըստ ամենայնի հիմք են ծառայել այն տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվել են տարեսկզբին։ Հինգ ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմեց 5,5 տոկոս, ինչը 2,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Վիճծառայությունն արդեն ամփոփել է նաեւ առաջին եռամսյակի տնտեսական աճը։ Ըստ այդմ, այն կազմել է 4,4 տոկոս, ինչը կրկնակի գերազանցում է նախատեսված ցուցանիշը։

Կառավարությունը հույս ունի, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կպահպանվի նաեւ առաջիկա ամիսներին։ Տնտեսական աճի ապահովման մեջ ամենամեծ դերը տրված է արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներին։ Եթե առաջինում ակնկալվում է 6, ապա երկրորդում՝ 5,6 տոկոս աճ։

Գյուղատնտեսության դերը համախառն ներքին արդյունքի աճի գործում գնահատված է 3,3 տոկոսի սահմաններում։ Միակ ոլորտը, որտեղ սպասվում է անկում, շինարարությունն է։

Կառավարությունն աճի լուրջ սպասելիքներ ունի արտահանման ոլորտում։ Կանխատեսվում է, որ իրական արտահայտությամբ այն նախորդ տարվա մակարդակը կգերազանցի 15 տոկոսը։

Նշենք, որ տարեսկզբի հինգ ամիսների տվյալներով, արտահանման աճը կազմել է ավելի քան 20 տոկոս։

Կառավարության գնահատումներով, առաջիկայում արտահանման աճի տեմպը որոշ չափով կնվազի։ Դրա համար անշուշտ որոշակի հիմքեր կան։ Առավել եւս, որ վերջին շրջանում բեռնափոխադրումների ոլորտում դժվարություններ են ի հայտ եկել՝ մասնավորապես Վերին Լարսի անցակետի չգործելու հետեւանքով։

Ի տարբերություն նախորդ տարվա, սպասելիքները դրական են նաեւ ներմուծման հետ կապված։ Անցած տարի արձանագրված կտրուկ անկումից հետո, կառավարությունը կանխատեսում է ներկրումների 5,6 տոկոսանոց աճ։ Արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում այդ երեւույթն արդեն իսկ սկսել է դրսեւորվել։ Հինգ ամիսների տվյալներով, ներմուծման անկումը ոչ միայն դադարել է, այլեւ մի փոքր գերազանցել նախորդ տարվա մակարդակը։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ