Ստատուս-քվոյի փոփոխման համար պետք է մեկ քայլ. Շարմազանով
Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը շատ կարևոր ուղերձներ հղեց ԼՂՀ խնդրի կարգավորման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում շեշտել ՝ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ խաղաղության կողմնակիցն են:
«Մենք մեր հասարակությանը պետք է պատրաստենք խաղաղության: Այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, ԼՂ-ը ոչ մի ձև, ոչ մի տարբերակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց էդուարդ Շարմազանովը:
Նախագահ Սերժ Սարգսյանի մյուս կարևոր ուղերձը, ըստ Շարմազանովի, այն էր, որ շեշտվեց, որ ՆԱՏՕ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ հիմնախնդիրը։ Ադրբեջանի փորձերը՝ քննարկումները տանել այլ՝ օրինակ՝ ԵԽԽՎ, թե մեկ այլ հարթակ, ընդունելի չեն:
Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն. հետաքննության մեխանիզմներ պետք է դրվեն և ԵԱՀԿ պետք է ընդլայնվի Մինսկի խմբի դիտորդական առաքելության խմբի կազմը: Նկատեց, որ Ադրբեջանը փորձում է հետքայլ անել, չկատարել այդ պայմանավորվածությունները:
«Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստատուս-քվոն անընդունելի է, որ պետք է տարածքների վերադարձնել: Մենք հայտարարում ենք, որ մեզ ձեռնտու չէ ստատուս -քվոն, ստատուս քվոյի հիմնական խոչընդոտողն Ադրբեջանն է: Մենք բոլորս գտնում ենք, որ ստատուս- քվոն պետք է փոխվի, ստատուս-քվոյի փոփոխման համար պետք է մեկ քայլ. պետք է ճանաչել ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը: Վարշավայում Սերժ Սարգսյանը նշեց, որ թիվ մեկ խնդիրը Արցախի կարգավիճակի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններին, հիշեցրեց, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում, իսկ մենք պետք է շահագրգռված լինենք, որ այդ երկու կառույցների միջև հարաբերությունները լավանան:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին՝ Հայաստանի անդամակցությանը, Շարմազանովը ասաց, որ անձամբ իր կարծիքով, Հայաստանը չպետք է դառնա ռազմական դաշնակիցն այն կառույցի, որտեղ կա Թուրքիան: