Վաղն «Ալաշկերտը» կմեկնի Թբիլիսի
Վաղը կեսօրին «Ալաշկերտը» կմեկնի Թբիլիսի, որտեղ հուլիսի 12-ին կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի Որակավորման 2-րդ փուլի հանդիպումը տեղի ”Դինամոյի” հետ: Ալաշկերտցիներն առավոտյան գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ մարզում կանցկացնեն ”Ալաշկերտ” մարզադաշտում, այնուհետև ավտոբուսով կմեկնեն մրցավայր: ”Ալաշկերտի” ֆուտբոլային պատվիրակությունը կիջևանի Թբիլիսիի հինգաստղանի ”Մարիոթ” հյուրանոցում:
Տեղեկացնենք, որ օրերս Ակումբի հետ պայմանագրեր ստորագրած Արսեն Բեգլարյանը, Սամվել Մելքոնյանն ու Իրակլի Կվեկվեսկիրին ընդգրկված են թիմի հայտացուցակում: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Միհրան Մանասյանը:
Սպասվում է, որ Հայաստանի չեմպիոնը Վրաստանում լուրջ աջակցություն կստանա տրիբունաներից: Հայտնի է, որ մեծ թվով ֆուտբոլասերներ Երևանից կմեկնեն Թբիլիսի՝ դիտելու ”Դինամո” – ”Ալաշկերտ” խաղը: Նրանց մի մասը կմեկնի սեփական միջոցներով, իսկ հիմնական մասի (մոտ 150 հոգի, այդ թվում ԶԼՄ-ների երկու տասնյակ ներկայացուցիչներ) տեղափոխումը կազմակերպել է ”Ալաշկերտ” ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը: Բացի այդ, Վրաստանի հայկական համայնքն ու Ախալցխայի հայությունը մեծ պատրաստակամությամբ իրենց համակրանքը կդրսևորեն հայ ֆուտբոլիստների հանդեպ:
Խաղը Թբիլիսիում տեղի կունենա ”Դինամո” մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: ”Ալաշկերտ” ակումբի ղեկավարությունը հոգացել է նաև խաղի հեռարձակման մասին: Այն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության եթերում: