Շիրակի մարզպետը խաղադրո՞ւյք կատարել է.Հրապարակ
«Երեկ ընթանում էր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ խաղը։ Մրցում էին Գերմանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։ Գյումրիից մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ՝ խաղից առաջ՝ երեկոյան 7-8-ի սահմաններում, Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին նկատել են «Վիվառո» բույքմեյքերական գրասենյակ մուտք գործելիս։ Ըստ երեւույթին՝ մարզպետը որոշել էր խաղադրույք կատարել։ Մեր աղբյուրը նախ ճանաչել է մարզպետի մեքենան՝ 027 LL 55 պետհամարանիշով սեւ Toyota Prado ամենագնացը, հետո տեսել է նաեւ մարզպետին ու վարորդին՝ մեքենայից իջնելիս եւ «Վիվառո» մտնելիս։
Մենք զանգահարեցինք մարզպետ Սիմոնյանին՝ պարզելու, թե ո՞ր թիմի երկրպագու է եւ ի՞նչ խաղադրույք է կատարել։ «Բայց ուժեղ եք ասում… ընդհանրապես ես էդ ֆուտբոլը չեմ նայել, էդ ժամին էլ քնած եմ եղել՝ շատ խորը ու բավական հոգնած։ Էդ ինչ- որ ասում ես, ես չգիտեմ՝ էդ ում է վերաբերվում, ինչի ես ասում դա»,-ասաց նա։
Գյումրիում մեր աղբյուրը նկատել է Ձեր մեքենան «Վիվառոյի» գրասենյակի մոտ, Դուք էլ վարորդի հետ իջել եք մեքենայից ու մտել «Վիվառոյի» գրասենյակ։
Ո՞ւմ մեքենան էր, կարո՞ղ եք իմ մեքենայի համարն ասել։
Այո՝ 027 LL 55։
Հա, Դուք մտածում եք, որ ես եղել եմ «Վիվառոյի» դուռը, հա՞։
Ոչ թե մտածում եմ, այլ մեզ այդպես փոխանցեցին Գյումրիից։ Դուք, առհասարակ, ֆուտբոլային հետաքրքրություններ ունե՞ք։
Ոչ,ոչ։
Բայց պետհամարանիշը ճի՞շտ ասացինք՝ 027 LL 55:
Այո, բա մարզպետի պետհամարանիշը չգիտենա՞ք, ինչ է։ Էդ մեքենան, ընդհանրապես, ես որ գալիս եմ տուն, ինքը կանգնում է։
Այդ դեպքում ու՞մ մեքենան է եղել այդ պետհամարանիշով։
Ես չգիտեմ՝ ում մեքենան է եղել, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում