Խոստովանական ցուցմունքներ են կորզել բռնությունների սպառնալիքի տակ.Քրգործ է հարուցվել
Գողություն կատարելու մեջ մեղադրվող, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 8:00-ին, ինքը, ընկերը եւ եւս երկու անձինք գողության կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ հիշյալ աշխատակիցները իրենցից խոստովանական ցուցմունքներ են կորզել բռնությունների եւ սպառնալիքների ազդեցության տակ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: