Օլիգարխը` նորածինների առեվտրական. Իրավունք
«Իրավունքի» զրուցակիցն է Ս.Պ-ն, ով դեռեւս երեք տարի առաջ հաղորդում է տվել ոստիկանության բաժին այն մասին, որ Երեւանի բուժհաստատություններից մեկում ծննդաբերել է եւ ունեցել աղջիկ երեխա: Սակայն, ըստ նրա, բժիշկներն ապօրինի կերպով իրենից խլել են նորածնին` պատճառաբանելով, թե ունի առողջական խնդիրներ, երկար չի ապրի ու, իրականում, որդեգրման անվան տակ վաճառել են աղջկան:
Անձնավորումից դեռ խուսափենք, քանի որ գործով մինչ օրս, ինչպես մեր զրուցակիցն է նշում, «նորածնին վաճառած կամ ինչ-որ մեկին լավություն» արած անձը ներգրավված չէ, «ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել»: Ու թեեւ հարուցվել էր քրեական գործ, սակայն քննիչը հետագայում որոշում է կայացնում մերժել հարուցումը եւ քրեական հետապնդում չիրականացնել բժիշկ-պատասխանատուների նկատմամբ:
Սակայն դրանից հետո էլ երեխայից զրկված մայրը հանգիստ չի նստել, անցել է տարբեր ատյաններով: Այս օրերին էլ մեր զրուցակցի շահերի պաշտպան Մարատ Կոստանյանը դիմել էլ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան տեղեկացնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ պարտավորեցրել է, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը վերացնի իր վստահորդի իրավունքների եւ պարտականությունների խախտումը:
Իսկ թե ինչ է տեղի ունեցել, մեր զրուցակիցը պատմեց: Ծննդաբերելիս եղել է անչափահաս, բայց չի ցանկացել ազատվել փոքրիկից: Ընդհակառակը նրան այդ ժամանակ սատարել եւ անգամ ծննդաբերության ժամանակ կողքին է եղել փոքրիկի հայրը եւ տատիկը.
– Մենք գիտակցում էինք, որ ես անչափահաս եմ եւ հնարավոր է հիվանդանոցում դրա հետ կապված խնդիրներ առաջանան: Հիվանդանոց դիմեցինք, երբ ես դեռ հղիության վեցերորդ ամսում էի: Բժիշկը, ով երեխայիս հետագայում խլեց ինձանից, ասաց, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես երբ գնամ ծննդաբերելու, պետք է գրանցվեմ մեկ ուրիշի չափահաս կնոջ տվյալներով: Ծննդաբերելու օրը ինձ հետ էր նաեւ մեծ քույրս, եւ բժիշկն ասաց, որ հենց իր տվյալներով էլ կարող եմ գրանցվել: Այդպես էլ արեցինք: Ես շատ մեծ ուրախությամբ էի սպասում փոքրիկիս լույս աշխարհ գալուն, քանի որ նա մեր մեծ սիրո պտուղն էր:
Իսկ թե ի՞նչ եղավ ծննդաբերելուց հետո, ինչպե՞ս 16- ամյա անչափահասին համոզեցին, որ փոքրիկը վատառողջ է, եւ ճիշտը նրանից հրաժարվելն է, մեր զրուցակիցը շարունակեց պատմել.
– Ես տարիներ շարունակ փնտրում եմ ու փնտրելու եմ իմ աղջնակին, որին բժիշկների հորդորով թողեցի ծննդատանը: Բժիշկը, որ գլխիս վերեւում կանգնել էր, տվեց թուղթ ու գրիչ համոզելով, որ րոպե առաջ հրաժարվեմ երեխայիցս, իբր թե նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որ աղջիկս, միեւնույնն է, չի ապրելու:
Բժիշկն ինձ ասաց, որ դրսում կանգնած երեխայի հայրն ու տատն էլ են նրան հորդորում, որպեսզի հրաժարվեմ աղջկանից: Այնինչ իրականում, երբ արդեն դուրս եկա, հասկացա, որ ինձ խաբել են
` իրենց ուզած թուղթը ստանալու համար: Երեխայիցս հրաժարվելու «գործարքը» հիվանդանոցն արել էր առանց հարազատներիս իմացության, թույլտվության: Իսկ ես այդ պահին պարզապես հավատացի, որ փոքրիկս իրապես չի ապրելու…
Միայն տարիներ անց տեղեկացա, որ երեխան միանգամայն առողջ է եղել, եւ նրան անհայտ մեկը որդեգրել է: Ու այսօր, երբ արդեն չափահաս եմ, հավատացեք, ամեն տասնվեց տարեկան աղջնակի տեսնելիս` մտածում եմ, որ գուցե հենց նա է իմ աղջիկը, իմ արյունակիցը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: