«Հայաստանի բախտը բերել է»
Հայաստանի բախտը բերել է, որ Ադրբեջանը Կազանյան փաստաթղթին չի համաձայնել: Այդ մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:
«Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա մենք միջազգային հանրության առջև շատ թույլ ենք ներկայանում: Վերջին տարիներին ես մոտ 40 անգամ մասնակցել եմ ՄԱԿ-ի աշխատանքներին: Այդ ընթացքում միայն վեց-յոթ անգամ եմ հիշում, որ հայկական պատվիրակությունը գերազանց է աշխատել, մյուս անգամներին մասնակցել է միայն ֆորումների բացման աշխատանքներին, վճարվել է և հեռացել: Բոլոր այդ դեպքերում թուրքական և ադրբեջանական պատվիրակություններն օգտվել են մեր բացակայությունից և իրենց տեսակետներն առաջ մղել»,- ասաց բանախոսը:
Կարինե Դանիելյանը նաև շեշտեց՝ ամեն մեկս պետք է մեզ ՀՀ դեսպան զգանք և մեր ոլորտներում առաջ տանենք հայկական շահերը: