16-ամյա Հայկին սպանելու մեջ մեղադրվողը կալանավորվել է
Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին վիճաբանության ժամանակ 16-ամյա Հայկ Ասիրյանին դանակի հարվածներով սպանելու մեջ մեղադրվող Ռոբերտ Սահակյանը հուլիսի 4-ին կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն :
Նշենք, որ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 23:10-ին, Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռոբերտ Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երեւանի Հույսի ավան թաղամասում Ռոբերտ Սահակյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Սահակ Ասիրյանին, եւ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ասիրյան ավագ եղբայրների եւ Ռոբերտ Սահակյանի միջեւ։ Վերջինիս ձեռքին տեսնելով դանակ՝ նրանց է միացել նաեւ կրտսեր Ասիրյանը եւ փորձել օգնել եղբայրներին, որի ժամանակ էլ Ասիրյան եղբայրներից երկուսը դանակահարվել են, վնասվածքներ է ստացել նաեւ Ռոբերտ Սահակյանը։ Տուժած 2 եղբայրներին երրորդ եղբայրը ընկերոջ ավտոմեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ կրտսեր Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ Սպանություն: