Սևանա լճում սիգի պաշարները փոքր-ինչ ավելացել են
Վերջին տարիներին Սևանա լճում սիգի պաշարները փոքր-ինչ ավելացել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
Վերջինս շեշտեց՝ եթե ձկների մայրական կազմը և մանրաձուկը պահպանվի, պաշարների ավելացումն անխուսափելի կլինի: « Տարիներ շարունակ՝ մենք Բնապահպանության նախարարությանը հորդորում ենք արգելել սիգի որսը՝ գոնե ձվադրման շրջանում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ անցած տարի Սևանա լճից որսացել են արդյունագործական չափերի 430 տոննա սիգ:
Բարդուղ Գաբրիլյանը նշեց՝ ձկների ձվադրման համար նախկինում պիտանի համարվող գետերը վաղուց այլևս բարենպաստ միջավայր չեն նրանց բազմացման համար:
«Ինչ վերաբերում է կողակին և բեղլուին, ապա դրանց վերարտադրության հարցն ավելի լուրջ է, քան իշխանինը կամ սիգինը: Սրան հակառակ մենք հորդորում ենք որքան հնարավոր է շատ կարաս որսալ: Պատճառն այն է, որ այս ձկնատեսակը Սևանա լճի համար համարվում է ոչ ցանկալի` կարասը խանգարում է կողակի և բեղլուի բազմացմանը՝ գրավելով վերջինիս արուներին»,- ասաց բանախոսը: