«Անելիք բանկի» իրավաբանի սպանության գործը դատարանում է
«Անելիք բանկի» իրավաբան 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մկրտիչ Պողոսյանը 2015թ. նոյեմբերի 24-ին Երևանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, հրազենից մեկ կրակոց է արձակել «Անելիք բանկ»-ի իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթայանի աջ թիկունքային շրջանին, ինչի հետեւանքով վերջինը տեղում մահացել է:
Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:
Նշենք, որ 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը նախկինում դատապարտված է եղել։ 1991 թվականին նա 2,5 տարի ազատազրկվել է մի մարդու մահվան համար, որն աշխատել է իր հացի արտադրամասում։ Մկրտիչ Պողոսյանը հացի արտադրամաս է ունեցել, որտեղ բռնկված հրդեհի հետեւանքով աշխատակիցը մահացել է։ Պողոսյանը ազատազրկվել է այն պատճառով, որ արտադրամասում չի պահպանել հակահրդեհային կանոնները։
Ձեռնարկատիրական գործունեությունը անհաջողության է մատնվել նաեւ հյուրանոցային բիզնեսում։ Նա Երեւանում հյուրանոց է ունեցել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այն կորցրել է։ Կորցրել է նաեւ իր տունը եւ ողջ ունեցվածքը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա իր գործարքները կատարել է «Անելիք բանկի» միջոցով եւ հերթական խնդիրների պատճառով էլ դիմել է նման քայլի։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Մկրտիչ Պողոսյանը նոյեմբերի 25-ին հայտնաբերվել է, իսկ նոյեմբերի 26-ին կալանավորվել է։