Պետք է ճիշտ բացատրել վարորդներին
«ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց, որ Ճանապարհային ոստիկանությունը նվազ նշանակության իրավախախտումների դրույթի կիրառումից առաջ պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարեր, որպեսզի վարորդներն այն հնարավորինս ճիշտ հասկանային:
«Մարդիկ մտածում են, որ ահա այս գիծը հատել են, կլինի նախազգուշացում: Չեն հասկանում, որ նախազգուշացում կլինի, եթե առջեւի անիվներով շատ փոքր հատել են հոծ գիծը, ոչ թե չորս անիվով անցել են վրայից: Կարծում եմ, որ այս դրույթը վերանայման կարիք ունի: Կամ գրված է՝ եթե վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ իրավիճակ չի ստեղծվում կայանելու ժամանակ, նախազգուշացում է կիրառվում, բայց չի բացատրվում` ակնհայտ վթարային իրավիճակ ասելով ինչ նկատի ունեն»,-ընդգծեց Հովհաննիսյանը: